Քաղաքական

ԱԺ նախագահը Ցեղասպանության միջոցառումների եւ Սեֆիլյանի մասին

lusinevasilyan

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի աշխատանքը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի  առիթով կազմակերպված միջոցառումներին անդրադարձով: Դրանց ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր ու ավելի վճռական փուլ, ասել է ԱԺ նախագահն  ու կարևորել հատկապես միասնականության մթնոլորտը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն  մարդկանց, կամավորներին, ծառայություններին ու կազմակերպություններին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցան կազմակերպվածության, պատրաստվածության  և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- ասել է Գալուստ Սահակյանը։

Գնահատականն,  ի դեպ, կիսել է նաև ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա համաձայնել է տեսակետին, որ տարելիցի կապակցությամբ լուրջ աշխատանք է տարվել ու  առաջընթացն ակնհայտ է: Զուրաբյանը սակայն  հետաքրքրվել է Ժիրայր Սեֆիլյանի ու Հիմնադիր խորհրդարանի՝ անազատության մեջ գտնվող մյուս 4 անդամների ճակատագրով:

«Անկախ հանգամանքից, թե նրանց մտահղացումը որքանով էր մերժելի, Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարական իրավունքներն առայժմ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Ես առաջարկում եմ, որ ԱԺ-ն ու նրա նախագահն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ու որքան հնարավոր  է նպաստի նրանց ազատ արձակմանը»:

«Ոչ միայն Դուք, այլև բոլորս ենք մտահոգ, բայց գնահատականներ չենք տալիս, որովհետև դրա համար կա լիազոր մարմին: Ես ինքս էլ հետամուտ եմ և ցանկանում եմ որոշակի մանրամասներ իմանալ»,- նրան արձագանքել է ԱԺ նախագահը։

«Ժառանգություն«» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջարկով էլ՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակն ու անցել օրենսդրական աշխատանքին:

Ցուցադրել ավելի
Back to top button