Ցեղասպանություն 100Քաղաքական

Գալուստ Սահակյան.Թուրքիան մոտենում է Նյուրեմբերգյան դատավարության կամ ապաշխարության սահմանագծին

hasmikdilanyan
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի երկրորդ օրվա աշխատանքները սկսվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթով: «Ավելի քան հարյուր տարի առաջ՝ քսաներորդ դարի սկզբին, հենց ատելության, ավելի հստակ հայատյացության սկզբունքն իրենց հոգում ու մտքում ունենալով Օսմանյան իշխանությունները նախաձեռնեցին հայերի կենսազրկման, ունեզրկման, հայրենազրկման քաղաքականությունը»,- ասաց նա և նշեց, որ հայը շնորհիվ իր գենի, տոկունության, ապրելու վերապրելու կամքի՝ կարողացավ ոչ միայն չոչնչանալ, այլ ավելի ամուր կանգնել հողին: ՀՀ Խորհրդարանի խոսնակի խոսքով, որ մարդկությունն առ այսօր կրում է ցեղասպանության բեռը:

«Ցեղասպանության երևույթի դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ քաղաքականությունը շարունակում է գերակա գտնվել քաղաքակրթությունից: Ցեղասպանության ժխտողականությունը նշանակում է նոր ցեղասպանություն, նոր կորուստ»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, որ այսօր Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ճանաչում են բազմաթիվ երկրներ, այլ նաև որոշ երկրների խորհրդարաններ առանցքային դեր են կատարել և ընդունել են Ցեղասպանությունը ժխտելու քրեականացնող համապատասխան իրավական ակտ, ինչը նշանակում է ցեղասպանության դատապարտման նոր մակարդակ, այդ փաստի ավելի խոր ընկալում և ավելի մեծ պատասխանատվության զգացում ապագա սերնդի նկատմամբ:

«Թուրքիան աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կողմ Նյուրեմբերգյան դատավարությունն է կամ ապաշխարությունը»,- հայտարարեց ԱԺ նախագահը և հիշեցրեց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի տարի առաջ Դեր Զորում հնչեցրած այն հարցը, թե որտեղ է հայերի Նյուրեմբերգը: Նա նշեց, որ եթե Թուրքիայի պատասխանը լռություն է, ապա քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի լռել: Նա ցեղասպանության երևույթի դեմ գործնական պայքարի կոչ արեց:

«Ցեղասպանության պատմությունը ոչ միայն սև էջ է, այլ նաև դասագիրք է մարդկության համար, թե ինչ է եղել և ինչ պետք չլինի, ինչ է ատելությունը: Այն դասագիրք է սև էջերով, սակայն կան սպիտակ էջեր, որոնք ժամանակակից մարդկությունը ինքը պետք է լրացնի, այնպես, որ այլևս նման սև գրքեր չլինեն»,- ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button