Ցեղասպանություն 100Քաղաքական

Կրեմլում հուսով են՝ Անկարան ըմբռնումով կմոտենա Պուտինի Երեւան այցին

Կրեմլում հուսով են, որ Անկարան ըմբռնումով կմոտենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան այցին։ «Այս հարցով մեր երկու երկրների առաջնորդները խոսել են։ Ռեջեփ Թաիպ Էրդողանին լավ հայտնի է Պուտինի Հայաստան այցելելու ծրագիրը, նաեւ լավ հայտնի է, որ մեր երկիրը ներկա կլինի Թուրքիայում՝ ապրիլի 24- ին, բավականին բարձր մակարդակով»,- լրագրողներին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայում ապրիլի 24- ին Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Հայաստան կմեկնի հինգշաբթի երեկոյան։ «Պետք է ընդգծել, որ նախկինում մեր նախագահն արդեն եղել է ցեղասպանության հուշահամալիրում՝ 2001- ի սեպտեմբերին եւ հետո 2013- ի դեկտեմբերին՝ պետական այցի ժամանակ»,- հիշեցրել է Պուտինի օգնականը։

Նա նաեւ նշել է, որ «100- րդ տարելիցը մեզ դաշնակից Հայաստանի եւ Հայաստանի բարեկամական ժողովրդի համար ունի պատմական եւ հոգեւոր մեծ նշանակություն»։

«Ռուսաստանում եւս այս տարեթիվը լայն արձագանքի է արժանանում. Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի երկու հազար միջոցառումներ, Մոսկվայում՝ Պոկլոննայա գորայում կբացվի ցուցահանդես»,- հայտնել է Ուշակովը։

Ցուցադրել ավելի
Back to top button