ՀասարակությունՑեղասպանություն 100

Սոցհարցումներ. Հարաբերությունների կարգավորում՝ Հայոց ցեղասպանության պարագայում

karenghazaryan

Հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը: Հարցվածների ճնշող մեծամասնության՝ 85 տոկոսի կարծիքով երկու երկրների միջեւ հարաբերություններ կարող են լինել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարագայում:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանի փոխանցմամբ՝ կենտրոնը նպատակ է ունեցել հասկանալու, թե ինչ դիրքորոշում, մտորումներ եւ անհանգստություններ ունի Հայաստանի բնակչությունը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների ներկայի եւ ապագայի հետ:

Հարցումներն անցկացվել են Հայաստանի ողջ տարածքում: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրենի խոսքով՝ ներկայացուցչական հարցմամբ հավաքագրված տվյալները ներկայացնում են Հայաստանի հանրության հնարավորինս ամբողջական մոտեցումները: Հեղինե Մանասյանը տեղեկացրեց, որ մոտ երկու տարի առաջ նույնանման հարցում է Թուրքիայում իրականացրել թուրքական «Թեսեֆ» կազմակերպությունը:

Երկու կազմակերպությունները նույն 5-ական հարցեր, այսպես ասած, աշխատեցրել էին եւ Հայաստանում եւ Թուրքիայում: Հարցումներն անցկացվել են «Կովկասյան բարոմետր» կոչվող ծրագրով: Թուրքիայի քաղաքներում անցկացված հարցումների արդյունքում, ըստ Հեղինե Մանասյանի, պարզվել է, որ անատոլիկանա հատվածի բնակիչներն ավելի համամիտ են, որ հայ- թուրքական բահմանը բացվի։

Նույն պատկերը, ըստ էության, ստացվել է նաեւ Հայաստանում: Սահմանամերձ մարզերում, Հեղինե Մանասյանի ձեւակերպմամբ, ամենայն հավանականությամբ, մերձսահմանային առեւտրից տնտեսական ակնկալիքներ կան: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրենի խոսքով, այդուհանդերձ, Հայաստանի բնակչություն կարծիքն այնպիսին է, որ Հայաստանը պատրաստ չէ եւ բնակչությունն էլ չի հասկանա, եթե հանկարծ իշխանությունները սահմանի բացման՝ հարաբերությունների հաստատման գնան նախապայմաններով:

Թեպետ՝ Հայաստանի կողմից հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, համարում է, որ հարաբերությունների հաստատում կարող է լինել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարագայում:

Ցուցադրել ավելի
Back to top button