ՄշակույթՏեսանյութՑեղասպանություն 100

Ժամանակն է ասել ճշմարտությունը. Շառլ Ազնավուր (տեսանյութ)

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի եթերում հյուրընկալվել էր Վլադիմիր Պոզներին։ Պոզները աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին խնդրեց պատմել` ցեղասպանությունը ինչպես է հարվածել իր ընտանիքին: «Իմ մայրն ու հայրը կարողացել են իտալական նավով փախչել եւ փրկվել` հասնելով Սալոնիկ: Ցեղասպանությունը նրանց չի դիպչել: Բայց մենք խոսում էինք մորս ընտանիքի դժբախտության մասին: Ամբողջ ընտանիքը ոչնչացվել էր, ոչ ոք չէր փրկվել: Իսկ հորս ընտանիքին` պապուս  եւ տատիկիս ես տեսել եմ 60-ականներին, երբ եկել եմ Հայաստան»:

Պոզների հարցին, թե Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին գնալու է արդյոք Երեւան եւ եթե այո, ինչու՝ շանսոնյեն պատասխանել է, որ անպայման լինելու է  ապրիլի 24-ին Երեւանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, թե ինչու, որովհետեւ, ըստ Ազնավուրի, չի կարելի անտեսել այն, ինչ եղել է։ «Թուրքերին պետք է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»:

Պոզների հարցին, թե ինչու է Թուրքիան այդքան վախենում ցեղասպանությունն ընդունելուց եւ առհասարակ վատ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին, Ազնավուրն այսպես է պատասխանել. «Թուրքերը հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը երկու պատճառով. նախ նրանք չեն կարող ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց գլխավոր բառը դա պատիվն է, և դա կարելի է ինչ-որ կերպ հասկանալ։ Սակայն կա նաև մեկ այլ բան՝ մարդիկ շատ են հարստացել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին, իսկ հետագայում այդ մարդիկ հայտնվել են կառավարությունում։ Այսօր այդ մարդիկ արդեն չկան, սակայն այն ժամանակ նրանք եղել են կառավարությունում։ Դա ընդունելը դժվար է։ Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, սակայն ընդունել դա չեմ կարող»։

Ազնավուրը նաեւ նշել է, որ ատելություն չի տածում թուրքերի հանդեպ: Նրա խոսքով՝ դա իրեն սովորեցրել է մայրը, ով Ցեղասպանության ընթացքում կորցրել է ամբողջ ընտանիքը։

«Մայրս ատելություն չուներ թուրքերի հանդեպ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան։ Ինձ սովորեցրել են չստել, չատել, մարդկանց մասին վատը չխոսել, դա կարևոր է»,- ասել է նա։

Երգիչը բարձր է գնահատել Հռոմի պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ «Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, ովքեր ասում են ճշմարտությունը, աջակցում են ճշմարտությանը՝ անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց վախի և նախատինքի»,- նշել է Շառլ Ազնավուրը։

Շանսոնյեն ու Պոզներն անդրադարձել են նաև այլ թեմաների։ Մասնավորապես՝ իր երկարակեցության մասին հարցին նա պատասխանել է. «Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ոչ մի բանի համար չեմ անհանգստանում»։

Շանսոնյեն խոստովանել է, որ սննդակարգում սահմանափակումներ չի մտցնում, գիտի, որ պետք չէ ուտել աղ, շաքար, յուղոտ ուտելիքներ, սակայն այդ բոլորն ուտում է։ Շանսոնյեն նշել է նաև, որ չի զբաղվում սպորտով, սակայն միշտ փորձում է մեջքն ուղիղ պահել։ «Երբ սկսում ես կծկվել, սկսում ես քարշ տալ ոտքերդ, բացի այդ, միշտ պետք է ստեղծել այնպիսի տպավորություն, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Դա շատ կարևոր է, քանի որ դու ոգևորում ես մյուսներին և ինքդ քեզ»,- կարծում է Ազնավուրը։

«Երբ դու գիտես, որ հնարավոր է ցանկացած դժբախտություն, դու հանգիստ ես և պատրաստ աշխատել, որպեսզի ազատվես այդ դժբախտությունից։»,- ասում է Ազնավուրը։

Եվ հաղորդման վերջում Պոզների պատրաստած Մարսել Պրուստի հարցաշարին է պատասխանել Շառլ Ազնավուրը:  Ինչ կանեք, եթե հանդիպեք Աստծուն հարցին Ազնավուրը պատասխանել է. «Ես նրան կասեմ՝ ողջույն։ Ի՞նչ կարող եմ ասել ավելին։ Եվ հետո, նա պետք է խոսի, քանի որ ես, միգուցե, սխալներ եմ գործել Երկրի վրա, սակայն նա նույնպես քիչ սխալներ չի գործել։ Անհրաժեշտ է, որ նա ինձ բացատրի դրանք»,- ասել է շանսոնյեն։

Ցուցադրել ավելի
Back to top button