ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Կյանքը վտանգելով՝ հայերը փրկում էին անգամ արաբական եւ օսմանյան ձեռագրերը

alisagevorgyan

Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր  տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված <<Վերապրած ձեռագրեր>>  ցուցադրության բացումը և <<Քեմալական կոտորածներ>>  ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ցուցադրության մեջ ընդգրկված են   բացառիկ ձեռագրեր  և արխիվային փաստաթղթեր: Հատուկ շեշտադրում է  ստացել  Ամենայն Հայոց Գևորգ 5-րդ  կաթողիկոսի և նրա կարգադրությամբ  ձեռագրերի փրկության առաքելությամբ  Արևմտյան  Հայաստան ուղարկված հանձնախմբերի  գործունեությունը:

Մաշտոցյան Մատենադարանը հայ ժողովրդի արարման ձիրքի, կենսական զորեղ բնազդի  վկայությունն է, ինչի շնորհիվ էլ նա կարողացավ վերապրել:  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բնորոշմամբ՝ մեծ հաշվով՝ վերապրած կարելի է համարել նաև Մատենադարանի ողջ ձեռագրական հավաքածուն:

Ցեղասպանությունից  հետո փրկվեց մեր հայրենիքի մեկ տասներորդ մասը, նույն համամասնությամբ փրկվել է մեր մշակույթի, մասնավորապես՝ ձեռագրական ժառանագության մեկ տասներորդ մասը: <<Սրանք պատահական թվեր չեն, այլ գիտական հաշվարկների վրա հիմնված տվյալներ: Մատենադարանում բացված  ցուցադրության միջոցով փորձելու ենք ներկայացնել  մեր կորստի ահռելի չափն ու մեր մշակույթի կենսական զորությունն ու փրկչական առաքելությունը >>,-ասում է Հրաչյա Թամրազյանը։

Ձեռագրերի փրկչական առաքելությունը մեծապես կապվում է  Գևորգ 5-րդ կաթղիկոսի անվան հետ: Նա իր միաբաններին ու համախոհներին    ուղարկում էր պատմական Հայաստանի  տարբեր նահանգներ՝ գրչության կենտրոններից ու ավերված վանքերից փրկելու  ձեռագրական գանձերը: Նրանցտց առանձնանում է Հովհաննես Հյուսյան   վանահայրը, որը զինված  դիմադրություն կազմակերպելով   թուրք հրոսակների դեմ՝ Լիմ և Կտուց անապատներում հավաքեց  ոչ միայն ձեռագիր մատյանները, այլև ապաստան տվեց   շրջակա գյուղերի բնակչությանը:

Արդյունքում՝  փրկվեցին Վանից,  Աղթամարից, Վարագավանից, Լիմ և Կտուց անապատներից հավաքված 1400-ից ավելի ձեռագրեր և  12 հազար մարդ: Ուշագրավն այն է, որ հաճախ կյանքը վտանգելով հայերը փրկում էին ոչ միայն հայկական ձեռագրերը, այլև արաբատառ՝ այդ թվում նաև  օսմաներեն ձեռագրեր։

Մատենադարանի հարուստ հավաքածուն այսօր համալրվեց նաև  հանրապետության նախագահի նվիրաբերած 17-րդ դարի մեծարժեք  նկարազարդ Կարմիր Ավետարանով, որը ևս մաքառման երկար ճանապարհ  է անցել:

<<Վերապրած ձեռագրեր>>  ցուցադրության բացմանն այսօր հետևեց  <<Շողակաթ >> հեռուստաընկերության հետ համատեղ  Մատենադարանի պատրաստած  <<Քեմալական կոտորածներ>> վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ներկայացնում է 1919-23 թվականների իրադարձությունները,  երբ թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում և  Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց մեծ եղեռնից  փրկված և Սիրիայի անապատներից կրկին   հայրենիք՝ իրենց տները վերադարձած  գաղթականներին։

Ցուցադրել ավելի
Back to top button