Հասարակություն

Գործադիրում այսօր

hasmikdilanyan

Կհաստատվի լոլիկի եւ կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը

Գործադիրում այսօր քննարկելու և հաստատելու են ՀՀ-ում լոլիկի ականող ցեց ու կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Արարատի մարզի մի շարք համայնքներում դեռևս 2011 թվականին են հայտնաբերվել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները, որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին՝ ինչպես բաց դաշտում ու ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում: Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը: 2014 թվականին գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացված 27460.8 հազ. դրամով` Արարատի և Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրվել են 2900 ֆերոմոնային թակարդներ: Այսպես զգալիորեն կրճատվել է կարտոֆիլի և լոլիկի բերքին հասցված վնասը: Այս տարի նույնպես հանրապետության շուրջ 10100 հեկտար մորմազգի մշակաբույսերի, այդ թվում` 2270 հեկտար կարտոֆիլի և 7830 հեկտար լոլիկի, տաքդեղի ու սմբուկի դաշտերում կիրականացվի մոնիթորինգ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ: Այն կիրականացվի մայիս-սեպտեմբեր ամիսներին: Ի դեպ, այս տարի թակարդներ կտեղադրվեն նաև Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում կտեղադրվեն՝ վնասատուի առկայությունը ճշտելու նպատակով: Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում 70-80 %-ով, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների ծախսի կրճատում առնվազն 30%-ով, էապես կբարելավվի նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային տեսքն ու որակը:

ՏԿ ու ԱԻ նախարարությանը պահուստային ֆոնդից 1,650.0 հազար դրամ կհատկացվի

Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 1,650.0 հազար դրամ գումար կհատկացնի տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 2014 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված թվով 5 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 35 քաղաքացի: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի հեռավորությունը այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից 30 կմ-ը գերազանցելու դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին՝ ամսական մինչև 30000 դրամի չափով:

Գերակա շահ կհամարվի Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները

ՀՀ-ում էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման նպատակով մինչև այս տարվա օգոստոսի մեկը ՀՀ երկու՝ Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները կհամարվեն հանրային գերակա շահ: Մեր երկրում ազդարարվելու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի մեկնարկը: Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց վերը նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ, հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահարղորդման գծի միջանցքում: Նշենք, որ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում կառուցվում են Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ եկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը:

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանն այսօր գույք կնվիրաբերվի

Տրանսպորտի ու կապի նախարարությունը ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանն այսօր գույք կնվիրաբերի՝ համակարգչային սեղանից մինչև հեռուստացույց և ավտոմեքենա:

ԼՂՀ կառավարությունը ՀՀ կառավարությունից դրամական աջակցություն կստանա  բյուջետային վարկի տեսքով

ԼՂՀ կառավարությունը ՀՀ կառավարությունից դրամական աջակցություն կստանա  բյուջետային վարկի տեսքով: 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կտրամադրվի 20,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի մարումը կսկսվի ` 2016 թվականի մարտի 25-ից եռամսյակային ձևաչափով, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը՝ 2015 թվականի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով: Որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ՀՀ կառավարությունը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

Պատգամավորն առաջարկում է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է երեկ օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությանն առաջարկել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը: Մասնավորապես, հացի, հացամթերքի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի և ձվի օտարման գործարքների մասով պատգամավորն առաջարկում է նվազեցնել ԱԱՀ-ի դրույքաչափը` այն սահմանելով 15 տոկոս նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենական արտադրողների գործունեության խթանման և հանրապետության ապրանքային շուկաներում տեղական արտադրության և սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությամբ: Կառավարության կարծիքով, սակայն, առաջարկության ընդունումը գների նվազեցման չի հանգեցնի: Ֆինանսների նախարարությունն իր կարծիքը հետևյալ օրինակով է հիմնավորւմ՝ նախագծի ընդունումից հետո հացը հարկվելու է ԱԱՀ-ի 15 տոկոս դրույքաչափով: Այս պարագայում, հացի գինը չի նվազելու, քանի որ հացի արտադրության համար օգտագործվող ալյուրը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը և այլ նյութերը շարունակվելու են հարկվել ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով և տնտեսավարող սուբյեկտները դրույքաչափերի միջև առկա տարբերության պատճառով չհանշվանցվող ԱԱՀ-ի գումարները ներառելու են հացի ինքնարժեքի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button