Հասարակություն

Նարեկացուն սրբադասելով`մի վիթխարի աշխարհ է բացվում մեր գրականության առջև. գրականագետ

sonahakobyan
Գրիգոր Նարեկացին օրերս հռչակվեց տիեզերական եկեղեցու վարդապետ՝ այդպիսով դառնալով տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետը, իսկ Արևելքից՝ 2-րդը: Գրիգոր Նարեկացի հոգևոր բժշկի և նրա գլուխգործոց «Նարեկի»  հզոր ազդեցության մասին են այսօր խոսել գրականագետ Դավիթ Գասպարյանն ու նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Մեկնաբանելով նարեկաբուժության գաղտնիքը՝ նարեկաբույժը նշել է. սա մի գիտություն է, երբ խոսքն առավել ուժեղ է քան ցանկացած դեղամիջոց: Թե իրականում ինչ ազդեցություն ունի «Մատյանը» և ինչպես են մեր հասարակության անդամները վերաբերվում ոչ ավանդական այս բժշկությանը «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

 

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» աղոթագիրքը համաշխարհային փիլիսոփայական մտքի լավագույն նմուշն է: Ստեղծված լինելով 10-րդ դարում, այն հասցեագրված է բոլոր ժամանակներին: Ստեղծված լինելով Հայաստանում՝ հայ հեղինակի կողմից, հայերենով՝ այն համայն մարդկությանն է: «Մատյանը» ճանապարհի ուղենիշ է բոլորի համար՝ մոլորվածների և հիվանդների, հանցավորների և մեղանչածների, անհույսների և կոտրվածների: Կենարար մի լույս, որ սկիզբ է առնում տիեզերքի խորքերից և արձագանքվում մեր հոգու խորքերում: Նարեկը մի գիտություն է, երբ խոսքն ավելի ուժեղ է, քան ցանկացած դեղամիջոց, երբ խոսքը կարող է ինչպես բուժել, այնպես էլ սպանել, մեկնաբանելով նարեկաբուժության գաղտնիքը, նշեց նարեկաբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը:

«Երբ Նարեկը ստեղծվեց 10-րդ դարում, անհասակնալի էր եկեղեցու կողմից, որովհետև նրանք չկարողացան հասկանալ Նարեկի իմաստը, նա նման չէր մյուս աղոթքներին: Միայն 20-րդ դարում հասկացան, որ մարդու ճանաչողության մեջ զգայարաններից բացի, մարդու ճանաչողությունը այլաբանական է»:

Նարեկացիագիտությունը դարերի պատմություն ունի և այսօր արդեն  «Նարեկի» 150 գրչագիր և ավելի քան 70 տպագիր հրատարակություն կա: Նարեկացին իր արժեքավոր ժառանգությամբ բերեց մի հզոր ուժ, որն այսօր ծառայում է ինչպես հայությանը, այնպես էլ ամբողջ աշխարհին, ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Նարեկացուն սրբադասելով, այսօր մի վիթխարի աշխարհ է բացվում մեր գրականության առջև»:

«Նարեկը» հոգու հայելին է և բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի, նկատեց նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նարեկն ի վերջո Աստծո հետ կապ ստեղծելու բացառիկ ճանապարհն է: «Ռադիոլորի» հարցին, թե տարեկան քանի հոգի է դիմում նարեկաբույժին և հիմնականում ովքեր, Արմեն Ներսիսյանը պատասխանեց, որ տարեց տարի ավելանում է դիմողների թիվը և տարեկան հասնում է 300-400-ի:

«Հիմնականում դիմում են հիվանդներ, ովքեր բորժվել են ժամանակակից մեթոդներով, և բուժումը եղել է անարդյունավետ: Եվ այն մարդիկ, որոնք հիվանդությունը հասկանալով որպես փորձություն, իրենց մոտ բացվում է Աստծո հետ նոր հարաբերություն: Եվ որքան էլ տարօրինակ է, իմ հիվանդները սիրում են իրենց հիվանդությունը՝ սկսած չարորակ ուռուցքից և սպիդից»:

«Նարեկը» ցուցված է բոլոր հիվանդությունների համար՝ անկախ ախտորոշումից, քանի որ այն ուղղված է հոգու և մտքի խանգարումների դեմ, խանգարումներ, որոնք երևում են մարմնի տարբեր օրգանների վրա ցավերի, բորբոքումների և ֆունկցիոնալ խանգարումների տեսքով: Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցվող պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,  Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասվեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացին:

Ցուցադրել ավելի
Back to top button