Ցեղասպանություն 100Քաղաքական

Թուրքիան դեռ 1919- ին է ճանաչել ցեղասպանությունը, ասում է պատմաբանը

karenghazaryan

Թեեւ ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի փաստը, այնուամենայնիվ, անհերքելի իրողություն է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտած երկիրը հենց Թուրքիան է: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման եզրահանգում է կատարել պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը՝ վկայակոչելով 1919- 21 թվականներին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքերի դատավարությունները կամ հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքներով հարուցված դատական գործերն ու կայացված վճիռները: Հիշյալ տարիներին Թուրքիայում տեղի ունեցած 63 դատական գործերում մեղադրական եզրակացություններով ներկայացված փաստերն ու կայացված դատական վճիռները բացահայտորեն ցույց են տալիս, որ դրանց նկատմամբ միանգամայն կարելի է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, որը շատ ավելի ուշ է գիտական շրջանառության մեջ դրվել:

1919-21 թվականներին Թուրքիայում կայացել է 63 դատավարություն, որոնք հարուցվել էին հայերի տեղահանության եւ զանգվածային կոտորածների մեղադրանքով: Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը նկատում է, որ այդ տարիներին նման դատավարություններ անցկացնելուն Թուրքիային դրդել է Առաջին համաշխարհային պատերազմից խայտառակ պարտությամբ նրա դուրս գալն ու այն հեռանկարը, որ կնքվող զինադադարի պայմանագիրը Թուրքիայի համար լինելու էր մեծ կորուստներով:

«Օսմանյան կայսրությունը լրիվ կործանման եզրին էր գտնվում եւ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ ընդհանրապես կայսրության հասարակության շրջանում: Վրդովմունքն ավելի մեծացավ, երբ երիտթուրքերի յոթ պարագլուխները 1918 թվականի նոյեմբերի սկզբներին գաղտագողի փախան Թուրքիայից»,- պատմում է պատմաբանը։

Նման պայմաններում մամուլում հրապարակվեցին նյութեր, որոնք վերաբերում էին երիտթուրքերի կառավարման տարիներին իրականացված հանցագործություններին: Այդ հանցագործությունների շարքում զգալի տեղ էր զբաղեցնում նաեւ հայերի տեղահանություններն ու զանգվածային կոտորածները: Բնականաբար, այդ դատավարություններում «ցեղասպանություն» տերմինը չէր կարող օգտագործվել, քանի որ այն դեռ չէր դրվել գիտական գործածության մեջ: Սակայն իրականացված դատավարություններում ներկայացված մեղադրական եզրակացություններն ու կայացված դատական վճիռները բացահայտորեն ցույց էին տալիս, որ «ցեղասպանություն» եզրույթը կարելի է բնորոշել այդ դատավարություններում ներկայացված փաստերով:

Թուրքագետ Մելինե Անումյանի փոխանցմամբ՝ մինչեւ 2005 թվականը թուրքական պաշտոնական պատմագրությունը փորձել է հնարավորինս լռության մատնել հիշյալ դատավարությունների թեման: Երբ տվյալ թեմայով գիրք հրապարակեց գերմանաբնակ թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ինչպես նաեւ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, թուրքական իշխանությունները հասկացան, որ այլեւս հնարավոր չէ կոծկել դատավարությունների կայացման փաստը: Թուրքիան փոխեց իր քաղաքականությունը. պաշտոնական պատմագրությունը հրապարակեց գիրք՝ նվիրված հայերի տեղահանության թեմային՝ կրկին փորձելով ժխտել ու կոծկել իրողությունը՝ խեղաթյուրելով բազմաթիվ փաստեր:

«Ինչու է նշվում, որ կարելի է ընդունել, որ Թուրքիան արդեն իսկ ճանաչել է ցեղասպանությունը: Հատկապես գլխավոր դատավարության մեղադրական եզրակացությունը, որը 41 տարբեր փաստաթղթեր էր ընդգրկում, ամբողջովին բացահայտում է, որ այս կոտորածները նախապես ծրագրավորված էին պետության կողմից եւ հայերի կոտորածների բացահայտ հրահանգ է տրվել: Գլխավոր դատավարության մեղադրական ակտը նաեւ հերքում է թուրք ժխտողականների այն պնդումը, թե իբր տեղահանությունը իրականացվել է որպես ռազմական միջոցառում: Մեղադրական ակտում մասնավորապես նշվում է, որ այնպիսի շրջաններում, որոնք գտնվում էին պատերազմական գոտիներից հեռու, ընդհանրապես հարկ չկար որպես ռազմական միջոցառում տեղահանություն իրականացնելու»:

Թուրքագետը նշեց, որ այսօր արդեն հայ պատմաբաններն ու միջազգային ցեղասպանագետները անդրադառնում են դատավարությունների փաստին՝ որպես Թուրքիայի կողմից իրավական գնահատական Հայոց ցեղասպանությանը: Մելինե Անումյանը նշեց, սակայն, որ առայժմ դատավարությունների ամբողջական փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դրված չեն, ինչը կարող է մեծ ներդրում լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button