Հասարակություն

Երեւանում եւ Բոխումում ստեղծվում են հայ-գերմանական բարեկամության այգիներ

aidaavetisyan

155 ծառ՝ ի նշան հայ-գերմանական բարեկամության նոր դրսեւորման: Գերմանիայի հայ ակադեմիականների միությունն իր կազմավորման 155-ամյակի կապակցությամբ և ի նշան հայ-գերմանական բարեկամության, այսօր Երևանի Ավան վարչական շրջանում կազմակերպել է ծառատունկ: 155 տնկիները, որոնք պահ են տրվել հողին, տրամադրել են ՀՀ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարությունները: Միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող քայլերից մեկն է: Հաջորդիվ հայ-գերմանական բարեկամության ծառուղի է ձեւավորվելու նաեւ գերմանական Բոխում քաղաքում, որտեղ, ի դեպ, կտնկվեն Հայաստանից տարված 155 տնկիներ: Սա եւս կիրականացվի որպես հարգանքի տուրք Եղեռնի զոհերի հիշատակին:

 


«Մեռելներին իբրև խաչ ես այս ծառը տնկեցի»: Լևոն Սուրմելյանի աղոթք-բանաստեղծության այս տողերի խորհուրդն է Գերմանիայի հայ ակադեմիականների միությունը դնում Երեւանի Ավան վարչական շրջանում կազմակերպված ծառատունկի հիմքում: Հայաստանի պետական գերատեսչությունների աջակցությամբ կազմակերպված այսօրվա ծառատունկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի եւս մեկ նշան է, նաեւ հիշեցում՝ Գերմանիայի հայ ակադեմիականների միությունն արդեն 155 տարեկան է:

Հայապահպան իր գործունեությամբ եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առավել մեծ հնչեղություն ու լայն թափ հաղորդող այս միության նախագահ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու է հենց ծառատունկն ընտրվել որպես վերը նշված նպատակների իրականացման ուղի:

«Որովհետև Ցեղասպանության ճանաչման հաջորդ 100-ամյակ գնալու ենք կանաչով, այլ ոչ խաչքարերով», ասում է:

Տնկիները մեծահասակներից բացի հողին պահ տվեցին նաև մայրական բերկրանքին սպասող կանայք ու փոքրեր: Գործընկերոջս՝ Լիանա Եղիազարյանի բալիկը՝ Մարիամը, ևս իր ներդրումն ունեցավ Երևանի կանաչապատման գործում:

«Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրի ներքո Հայաստանում և դրա սահմաններից դուրս շարունակվում են ճանաչման ու պահանջի միջոցառումները: Դրանց շրջանակներում, մասնավորապես, Գերմանիայում իրականացվելիք նախաձեռնություններից մեկն էլ Բոխում քաղաքում Հայաստանից տարված 155 ծառերով նոր այգու ձեւավորումն է՝ եւս մեկ նշան հայ-գերմանական բարեկամության եւ դրա ամրապնդման:

Նախաձեռնությունն, ի դեպ, հովանավորվում է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, ով հանձն է առել անեւ այգիների հետագա հոգածությունը:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցն այն շրջանն է, երբ Հայաստանի եւ Սփյուռքի ամենատարբեր կառույցները կենտրոնացնում են Ցեղասպանության ճանաչման իրենց ջանքերը: Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, սակայն, կարծում է, որ այսուհետ հարկ է պայքարել ոչ թե իրողությունը ճանաչելու, այլ հայրենազրկության գաղափարը վեր բարձրացնելու ուղղությամբ:

«Հայոց ցեղասպանության հարցը մշտապես ու ամենակարեւոր շեշտադրումներով միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահող Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, միաժամանակ, նաեւ մտահոգությամբ է նշում՝ հայաստանյան իւշխանությունները Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման հարցում չեն իրականացնում պատշաճ քայլեր, իրականացվող միջոցառումները չեն կարող լինել ճանաչման եւ փոխհատուցման գործընթացի դրական արձագանքի երաշխիքը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ծպտյալ հայերի համար իրենց իսկ ազգային ինքնությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակ ու ամենատարբեր միջոցներով փորձ են անում խոչընդոտել հարևան պետությունները: Ինչպիսի խոչընդոտների են հանդիպում հայկական այսօրինակ նախաձեռնությունները թուրքական հսկա համայնք ունեցող Գերմանիայում: Օրդուխանյանը հարցին այլ կողմից է մոտենում: Խոչընդոտներ, այո, կան, բայց դրանք հնարավոր կլիներ ավելի հեշտ հաղթահարել, եթե հայ համայնքն ավելի միասնական ու համախմբված գործեր:

«Խոչընդոտներ միշտ կան, թուրքական համայնքն ուժեղ է: Բայց ես կարծում եմ, որ Գերմանիայի հայոց համայնքում մեր ներքին տարաձայնությունները մեր աշխատանքներին ավելի շատ են խանգարում, քան թուրքական համայնքի գործունեությունը:

Հայոց պատմության մեջ Ցեղասպանության վերքը մեղմելու ամենաառաջին քայլն Օրդուխանյանը համարում է 1,5 մլն նորածիններով պատմության նոր փուլ մտնելը:

Շեշտեմ նաեւ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 18-ից Գերմանիայի Բոխում քաղաքում կմեկնարկի «Հայկական գարուն» ծրագրերի շարքը:

Ցուցադրել ավելի
Back to top button