Ցեղասպանություն 100

Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնն աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչ է հրապարակել

karenghazaryan
Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնն աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչ է հրապարակել, որով հորդորում է ազդել իրենց կառավարությունների վրա՝ նպաստելով 20-րդ դարի սկզբներին մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: «Դիմում ենք աշխարհի ժողովուրդներին կոչով, որ ժամն է մեծ քաղաքականություն վերադարձնելու բարոյականությունը եւ արդարացիությունը: Աշխարհի ապագայի համար պատասխանատուն ժողովուրդներն են եւ ոչ թե բարոյազուրկ քաղաքական էլիտաները»,-ասված է հրապարակված կոչում: Կոչն այսօր ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնը» աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչով հորդորում է ազդել իրենց իշխանությունների վրա, որպեսզի նրանք չշարունակեն Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը ու ներկա գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ներկայացուցիչ, աստվածաբան Վարդան Խաչատրյանի խոսքով՝ ցեղասպանությունից հետո առ այսօր մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնք պետք է ներկայացնենք աշխարհին:

«Աշխարհը պետք է, ինչ-որ տեղ  արդարացիության առումով, վերջիվերջո, ականջալուր լինի սեփական խղճի ձայնին: Այսօր մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում. Կրքեր են ծավալվում Թուրքիայում՝ Գալիպոլիի հատուկ, այսպես կոչված, տոնակատարության կամ ծիսակատարության հետ կապված եւ  որոշ երկրների ղեկավարներ ամենայն շուքով ու շռայլությամբ պատրաստվում են մասնակցել այդ արարողությանը»:

Ակնհայտ է, որ այդ արարողությունն ունի միայն մեկ խնդիր՝ ջնջել Հայոց ցեղասպանության արիլ 24-ի խորհուրդը՝ հավելեց Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ներկայացուցիչը: Թուրքիան փորձում է ավելի հնչեղ ծիսակատարություն իրականացնել՝ իբր թե 1-ին համաշխարհային պատերազմում կորուստներ ունեցած ժողովուրդների հաշտեցման համար: Դա այն դեպքում, երբ Գալիպոլիի ճակատամարտը ոչ մի կապ չունի ապրիլի 24-ի հետ:

Կոչի հեղինակները զավեշտալի են համարում, որ որոշ երկրներ ցանկություն ունեն բացառիկ ներկայությամբ պատվել Թուրքիայի այս նախաձեռնությունը՝ տուրք տալով զուտ  «ռեալ պոլիտիկ»-ի թելադրանքին եւ մոռանալով մարդկային խիղճը: Կոչին միացած Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով՝  մենք դեռ երկար պայքար ունենք՝ մինչեւ Ցեղասպանության ճանաչմանը հասնելը. «Այն, ինչ մենք ասում ենք, դրանք մեր ցանկություններն են, բայց մեր ցանկությունները ինչպես տուժած մարդիկ, մենք պետք է տեղափոխենք միջազգային իրավունքի դաշտ, որպեսզի հասնենք խնդրի լուծման»,-ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ միջազգային տերմինաբանության մեջ մենք մտցնենք «եղեռն» բառը, նշանակում է սեփական բնօրրանում բնիկներին ոչնչացնելը:

Սիրիահայ մտավորական Գառնիկ Սարգսյանը, որ շուրջ 6 տարի առաջ է որոշել վերադառնալ ու մշտապես ապրել Հայաստանում, նույնպես միացել է աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչին:

«Թուրքիան վճռականորեն որոշեց, որ ապրիլի 24-ին պիտի անցկացնի Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը: Մենք՝ հայերս, սա նկատում ենք  որպես ուղիղ թշնամական արարք, սա ուրիշ ոչ մի կերպ չի կարող ընկալվել: Դա թշնամական է եւ հակամարդկային: Սա  հակամարդկային արարք է թե Թուրքիայի կողմից, թե  նաև մասնակից պետությունների կողմից»:

Գառնիկ Սարգսյանի գնահատմամբ՝  Թուրքիայի նախաձեռնած այդ միջոցառման կայանալն իսկ վավերացնում է Եղեռնը եւ նշանակում է  նաև, որ ցեղասպանությունները դեռևս հովանավորողներ ունեն, քանի որ շատ պետություններ շարունակում են մասնակցել ցեղասպան պետության նախաձեռնած հակամարդկային միջոցառմանը:

«Այդ միջոցառումների տեղի ունենալը, կարծես ծածուկ կանաչ լույս է՝ ասելու, որ նա, ով ուզում է շարունակել հայերի ոչնչացումը, կարող է շարունակել»:

Նրանք, ովքեր կմասնակցեն Գալիպոլիի միջոցառմանը, հավասար պատասխանատվություն են կրում հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների համար՝ շեշտեց Գառնիկ Սարգսյանը: Բանախոսները նկատեցին, որ այսօր աշխարհում տեղի են ունենում վայրագ ցեղասպանություններ, որոնք հավակնում են փոխել էթնիկական եւ կրոնական հավասարակշռությունը: Ստացվում է, որ աստիճանաբար մարդկության դեմ հանցագործությունը՝ ցեղասպանությունը վերածվում է քաղաքականության գործիքի: Հենց դա թույլ չտալու համար էլ կոչ է հղվում աշխարհի ժողովուրդներին. «Ժամն է վերադարձնել բարոյականությունը եւ արդարացիությունը մեծ քաղաքականություն: Աշխարհի ապագայի համար պատասխանատուն ժողովուրդներն են, ոչ թե բարոյազուրկ քաղաքական էլիտաները»,-ասված է «Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոն»-ի կողմից աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչում:

Ցուցադրել ավելի
Back to top button