Հասարակություն

Ուսումնասիրվում է հասարակության կարծիքը. աշխատել մեռելոցին, թե՞ ոչ

hasmikdilanyan
Աշխատել, թե՞ չաշխատել  մեռելոց երկուշաբթիներին, հարցը դեռ քննարկվում է, ավելին, վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են կատարվում՝ հասարակությունում տիրող տրամադրությունները հստակեցնելու համար: Մինչ  հայտնի կդառնա հասարակության դիրքորոշումը, այսօր էլ երկուշաբթի է ու ոչ աշխատանքային:

 

Արդեն մեկ տարի է, ինչ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետը չէ, ավելին, նա Հայաստանում  էլ չէ, սակայն, նրա վարչապետության տարիներին սահմանած «ավանդույթներից» մեկը դեռ հասարակության լայն շրջանակներում ակտիվորեն քննարկվում է: Խոսքը՝  Հայ Առաքելական եկեղեցու  հինգ տաղավար տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակման օրերը աշխատանքային,  թե ոչ աշխատանքային օր սահմանելու մասին է: Խնդիրն այնքան լուրջ է, որ վարչապետի հանձնարարականով  ուսումնասիրություններ են կատարվում՝ հասարակությունում տիրող տրամադրությունները հստակեցնելու համար: Աշխատանքային, թե ոչ աշխատանքային, հարցը քննարկվեց անգամ կառավարության վերջին նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխանցեց տնտեսվարողների դժգոհությունները:

Մեր երկրում ոչ աշխատանքային օրեր հայտարարվում են «ՀՀ Տոների ու Հիշատակի օրերի մասին» օրենքի երկու հոդվածների համաձայն: Օրենքի 17-րդ  հոդվածում սահմավում է, որ  Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր: 18-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Եվ ահա 2008թ հունիսին  վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն օգտվեց իր հնարավորությունից և  Հայ  Առաքելական եկեղեցու  տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ  աշխատանքային հայտարարեց, ընդորում նախ, առանձին -առանձին որոշումներով, հետո արդեն՝ միանգամից՝  մեկ փաթեթով:

2008թ ամռանից մինչ օրս ակտիվ քննարկումները շարունակվում են: Այնքան ակտիվ, որ հարցը կառավարության նիստում քննրակեց նաև  հոգևարականը.  Արշակ Սրբազանը, ում  դիտարկմամբ, մեռելոցների ժամանակ հնարավորություն է տրրվում   հաղորդակցվել  ննջեցյալներին:  Ահա, թե ինչ փոխանցեց Սրբազանը. «Թուրքիայի պատրիարքական փոխանորդի հետ խոսեցի, որ անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորութուն է ընձեռվում քրիստոնեական տոներին երեք օր ազատ լինել: Անգամ պարսական տիրապետության ժամանակ Երևանի խանը անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել է, որ եկեղեցական տոներին, մեռելոցներին ազատ էր թողնում»:

Արշակ Սրբազանի կարծքիով,  մեռելոցները ոչ աշխատանքային օր հռչակելուն  կողմնակիցներն այնքան էլ ակտիվ չեն:

Պարզվում է, որ մեռելոցները աշխատանքային օր հայտարարելու հարցում իր դերակատարումը կունենա  նաև  Հայաստանի  ընտրած քաղաքական վեկտորը նույնպես:«2015թ հունվարից  անդամակցում ենք ԵՏՄ-ին, ու  ԵՏՄ անդամ մեր գործընկերները  երկուշաբթի օրերը ոչ թե  հանգստանում են, այլ՝ աշխատում: Իսկ շաբաթ օրերն աշխատելը արդյունավետ չէ, քանի որ նրանք չեն աշխատում»,- հայտարարում է Հովիկ Աբրահամյանն ու վստահեցնում, որ մեռելոցների օրերին աշխատելու դեպքում որևէ պաշտոնյա չի արգելի իր աշխատողին հանգուցյալներին այցելել:

Իսկ ես հիշեցնեմ, Հայաստանի քաղաքացիներն այս տարվա հունվարին հանգստացան 12 օր:  Մեր երկրում  միայն տարեսկզբին 12  օր չաշխատեցին պետական կառույցները, պաշտոնյաները բանկերն ու ոչ միայն: Իսկ երբ ԱՎԾ հրապարակեց այս տարվա առաջին ամիսների առևտրաշրջանառության ծավալները,  պարզվեց, որ շուրջ 30 տոկոս նվազում էր արձանագրվել:  Ոլորտի պատասխանատուները արտահանման ու ներմուծման ծավալների շեշտակի անկումը  ոչ ամբողջությամբ, սակայն, պայմանավորեցին նաև հունվարի 12 օրյա հանգստով:

Թերևս Հարության տոնին հաջորդող երկուշաբթին վերջին ոչ աշխատանքային երկուշաբթի — մեռելոցը կլինի: Չնայած հարցը դեռ քննարկվում է,սակայն, շոշափելով պաշտոնական տրամադրությունները, կարող ենք արձանագրել, որ հաջորդիվ  մեռելոց  երկուշաբթիները   մեր երկրում առաջիկայում աշխատանքային կդառան: Դե իսկ իսկ մեզ մնում է հուսալ, որ առաջիկայում մեր երկրում էլ սոցիալական լարվածությունը փոքր ինչ կթուլանա,  աղքատության ու գործազրկության իրական մակարդակը թեկուզ չնչին, սակայն,  կնվազի:

Ցուցադրել ավելի
Back to top button