Հասարակություն

Կառավարությունն այսօր

hasmikdilanyan

Կառավարությունը դեմ է  «ՀՀ քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» ՀՀ օրենք ընդունելու պատգամավորների առաջարկին

ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են կառավարությանն ու առաջարկել ընդոունել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: Նախագծով նախատեսվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո վարկատու հանդիսացող կազմակերպություններին (առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և այլ վարկատու կազմակերպություններ) պարտավորեցնել իրենց կողմից տրված բոլոր արտարժութային վարկերը, ինչպես նաև արտարժութային փոխառությունները վարկառուի պահանջից ելնելով վերածել դրամայինի՝ վարկառուի դիմելուց հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում, որի վերահաշվարկի համար հիմք կընդունվի վարկային (փոխառության) պայմանագրի կնքման ամսաթվով առկա՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքը:
Կառավարության պատասխանում նշված է, որ նախագծով առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, որի ծավալի վերաբերյալ կանխատեսում անել հնարավոր չէ: Նշված միջոցառումը պետական միջամտությամբ իրականացնելու համար, առկա արտարժութային վարկերը մարելու նպատակով, արտարժութային ահռելի ռեսուրսների ձեռքբերման անհրաժեշտություն կառաջանա: Իսկ արտարժույթի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը կարող է հանգեցնել տնտեսության և ամբողջ ֆինանսական համակարգի կաթվածահարման: Վերոնշյալ զարգացումները տեղի կունենան նույնիսկ արտարժութային վարկերի 10%-ի` նշված մեխանիզմով փոխարկման դեպքում:
Բացի այդ, ներկայումս արտարժութային վարկերի մեծ տեսակարար կշիռ ունենալու պատճառը պայմանավորված է բանկային համակարգի ավանդների կառուցվածքով, որի շուրջ 64%-ը 2015 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել են արտարժութային ավանդները: Եթե բանկերն իրենք կրեն արտարժութային ավանդների վերաձևակերպման ռիսկը, ապա նրանց մոտ կառաջանա հսկայական արժութային ճեղքվածք, և արժութային փոխարժեքի նույնիսկ չնչին տատանումը կարող է հանգեցնել բանկային համակարգի կապիտալի մեծ կորուստների` բանկերում առաջ բերելով վճարունակության խնդիրներ և դարձյալ խաթարելով ողջ ֆինանսական համակարգի կայունությունը: Նախագծով լուծված չէ արդյունավետ այլընտրանքային տարբերակներ առաջարկելու խնդիրը: Կառավարությունը նպատակահարմար չի գտնում և դեմ է պատգամավորների առաջարկին:
Նկատվում է շուրջօրյա խնամքի կարիք ունեցող հոգեկան հիվանդների թվի աճի միտում.Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգված է
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգված է. վերջին շրջանում նկատվում է շուրջօրյա խնամքի կարիք ունեցող հոգեկան հիվանդների թվի աճի միտում, իսկ նրանց համապատասխան այլընտրանքային ծառայություններ տրամադրող հաստատությունները բավարար չեն: Խարբերդի մասնագիտացված մանկատանն օրինակ, որը նախատեսված է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան 280 երեխայի համար, խնամվողներից 180-ի 18 տարին լրացել է, սակայն նրանք շարունակում են բնակվել մանկատանը, քանի որ գնալու այլ տեղ չունեն, չկան համապատասխան ծառայություններ:
Այսօր հանրապետությունում գործում է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը երկու հաստատություն` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը չափահաս անձանց համար և Խարբերդի մասնագիտացված մանկատունը` երեխաների համար, ինչը սակայն չի բավարարում առկա պահանջարկը: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատն իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում, այնտեղ խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ են ստանում քրոնիկ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, որոնք չունեն ակտիվ բուժման կարիք: Տուն-ինտերնատում ներկայում խնամվում է 450 մարդ:
Այսօր նախատեսված նախագծով, «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի կվերանվանվի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Որոշման ընդունման արդյունքում ստեղծվող հաստատության նպատակն է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց` նրանց գնահատված կարիքներին համապատասխան մատուցել սոցիալական ծառայություններ, առավելապես շեշտը դնելով նրանց աշխատանքային պարզագույն հմտություններ սովորեցնելու, ինչպես նաև` սոցիալականացման վրա:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստներին առնչվող որոշ դրույթներ կհստակեցվեն
Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության նախկին որոշումներից մեկում և ժամանակավոր անաշխատունակության նպաստներին առնչվող դրույթները հստակեցնել մայրության նպաստի մասով, քանի որ նախկինում հղիության և ծննդաբերության նպաստը (մայրության նպաստը) ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակ էր և չէր դիտվում որպես անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա ներառվող առանձին տվյալ: 
Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը կներառի նոր ոլորտներ
Հայաստանի կառավարությունը Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում կներառի նոր ոլորտներ, ինչն առավել հասցեական կդարձնի դրանց իրականացումը: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում: Մասնավորապես, միջոցառումները ներառում են Ֆինանսների, Արդարադատության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Էներգետիկայի և բնական պաշարների, Կրթության և գիտության, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունների գործունեության ոլորտները: 2014-2015թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը 4.0 միավորով զբաղեցնում է 85-րդ տեղը 144 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 6 տեղով, իսկ միավորը նվազել է 0.1-ով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող ցուցանիշները վերաբերում են տարբեր բնագավառներին և նրանց ընդգրկման աստիճանը շատ լայն է, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը չի սահմանափակվում տվյալ միջոցառումների ծրագրով: Մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված քաղաքականության միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված ոլորտային զարգացման ծրագրերի կամ հայեցակարգերի շրջանակներում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգիային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականը:
Առաջարկն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում, քանի որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվի զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախ-սերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
Էդմոն Մարուքյանն առաջարկում է թվային հեռարձակմանն անցնել 2017-ից
Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված փոփոխությունները չի ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները:
Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված փոփոխությունները չի ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Ոլորտի ամբողջական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարաելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք մասնակցել վերոհիշյալ նախագծի մշակման աշխատանքներին: Կառավարությունը նախագծի հեղինակին հրավիրում է մասնակցելու վերը նշված փոփոխությունների քննարկմանը:
Միքայել Մելքումյանը առաջարկել է փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկերի» մասին օրենքներում
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկերի մասին օրենքներում» և առաջարկելով սահմանել, որ այն հարկ վճարողները, որոնք նախկինում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն են ներկայացրել հարկային մարմին և մինչև հաշվետու ժամանակաշրջանի փետրվարի 20-ը համապատասխանաբար չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու դեպքում նույնպես կհամարվեն համապատասխանաբար շրջանառության հարկ վճարողներ կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:
Գործադիրի պատասխանում նշված է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները գործող հարկային օրենսդրությամբ կարգավորված չեն: Գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկման և հարկային մարմնում վերջիններիս հաշվառման հետ կապված հարցերը համակարգային լուծում են պահանջում: Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային օրենսդրությամբ սահմանել գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկային մարմնին համապատասխան հայտարարություն ներկայացնելու պարտավորություն և կարգավորել այդ դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկման և հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի և հարկային պարտավորությունների հաշվառման հարցերը բոլոր հարկատեսակների և հարկման համակարգերի մասով:
Վերոնշյալ ընդհանուր կարգավորումների բացակայությունն է պատճառը, որ հարկային օրենսդրությամբ շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու առումով սահմանվել են միատեսակ կարգավորումներ, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի, ինչպես նաև հարկային պարտավորությունների հաշվառման հետ կապված դժվարություններից և խառնաշփոթ իրավիճակներից:
Վերը նշվածի հաշվի առնելով կառավարությունը նպատակահարմար չի գտնում վերանայել առանձին հարկման համակարգերի շրջանակներում գործելու ներկայումս սահմանված միատեսակ կանոններն առանց գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերին վերաբերող ընդհանուր կարգավորումներ սահմանելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց այդ կարգավորումների անխուսափելիորեն առաջանալու են հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի հաշվառման խնդիրներ, ինչն իրականացվող հարկային վարչարարության առումով ստեղծելու է լրացուցիչ դժվարություններ:
Անդրադառնալով քննարկման ներկայացված նախագծերի առանձին դրույթներին, նշվում է, որ քննարկման ներկայացված տարբերակով նախագծերի ընդունման դեպքում կստացվի, որ գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելուց հետո անձը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե պահպանված են միայն շրջանառության հարկ վճարողերի դեպքում տարեկան իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը չգերազանցելու, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների դեպքում՝ 18 միլիոն դրամի շեմը չգերազանցելու պայմանները:
Նման կարգավորումների սահմանումը չի կարող գործել, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար օրենսդրությամբ սահմանված են նաև այլ սահմանափակումներ:

ՀՀ կառավարությունը կավելացնի ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարը

Հայաստանի կառավարությունը փոփոխություն կկատարի իր՝ ավելի վաղ ընդունած որոժումներից մեկում և ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարը կավելացնի: Հայաստանի կառավարությունը նախորդ տարի որոշել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում որոշել էր տրմադրել 21,822.8 մլն դրամ, սակայն, սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Այսօր Հայաստանի գործադիրը կորոշի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջ-եռամսյակային տեղաշարժի միջոցով 2,000.0 մլն դրամ գումար այս տարվա չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ, իսկ «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով ս.թ. չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ կտեղափոխի 3,500.0 մլն դրա¬մ : Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվի ԼՂՀ կառավարության կողմից ս.թ. առաջին կիսամյակում բյուջետային ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծախսերի սահուն կերպով իրականացման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button