Հասարակություն

Ամավիրի մարզկենտրոնից հոգևոր մայրաքաղաք տանող ավտոբուսների անմխիթար վիճակը

satikisahakyan
Հնամաշ, դարն ապրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզի միջհամայնքային երթուղիները, այդ թվում նարև  հոգևոր մայրաքաղաքից մինչև  Արմավիրի մարզկենտրոն: Շահագործվող ավտոբուսները պիտանի չեն ուղևորափոխադրման համար, մինչդեռ դրանք շահել են դեռ մեկ տարի առաջ կայացած մրցույթը և շահագործում են երթուղին՝ ուղևորների համար ստեղծելով երթևեկության  բազմաթիվ դժվարություններ:  Բացի այդ Արմավիր-Էջմիածին երթուղով ամեն օր երթևեկող ուղևորներն առաջարկում են կրկին շահագործել նախկին Երևան-Էջմիածին-Արմավիր  երթուղին, որև կթեթևացնի ուղևորների փոխադրության դժվարությունները:

 

Արմավիր-Էջմիածին ուղևորատար ավտոբուսի երթուղին անցնում է մի քանի գյուղի միջով, որոնց ճանապարհները, եթե համեմատելու լինենք այլ գյուղերի ճանապարհների հետ, շատ ավելի բարվոք է, ասֆալտապատ և տրանսպորտային միջոցների անսարքության պատճառ չի հանդիսանում: Սակայն հոգևոր մայրաքաղաքից մինչև Արմավիրի մարզկենտրոն շահագործվող  ուղևորափոխադրամիջոցը, մեղմ ասած, հեռու է մարդկանց տեղափոխելու տրանսպորտային միջոց կոչվելուց: Առաջին հայացքից էլ պարզ երևում է տրանսպորտային միջոցի մաշվածության աստիճանը՝ կիսափակ դռներ, քանդված ու պատառոտված, նաև առանց թիկնակի նստարաններ, ձմռանը ջեռուցման բացակայություն, ինչպես նաև երթևեկության անհարմարություններ: Երթուղին ուղևորների պակաս գրեթե չունի:  Զրուցակիցս Էջմիածնից ամեն օր գնում է Արմավիր  քաղաք աշխատանքի՝ տարիներ շարունակ հաղթահարելով երթևեկության անհարմարությունները: Նա նշեց, որ անձրևների կամ ձնհալոցքի ժամանակ  նույնիսկ անձրևանոցներ են բացում ավտոբուսում:

Արմավիր – Վաղարշապատ երթուղին ներկայնում սպասարկում է 2  ՊԱԶ 672 Մ մակնիշի ավտոբուս, վարորդների տեղեկացմամբ տրանսպորտային միջոցներն  անսարքությունների պատճառով հաճախ են վերանորոգման ենթարկում և դարձյալ շահագործում:

Արմավիրի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Համլետ Կուրղինյանը տեղեկացրեց, որ  Արմավիր-Վաղարշապատ երթուղու սպասարկման մրցույթը կայացել է 2014թ-ի մարտի 19-ին, որին մասնակից  1987թ, 1988թ և 1992թ արտադրության ՊԱԶ 672 Մ մակնիշի  3 ավտոբուսն էլ  շահել են մրցույթը՝ 3 տարի ժամանակով: Երկու ավտոբուսը շահագործվում է կատարելով օրական 5 ուղերթ, մեկը՝ պահեստային է:

Այս հնության ավտոբուսները ինչպես են մասնակցել մրցույթին ու շահել երթուղին, Վաղարշապատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ԲԲԸ ներկայացուցիչը պատասխանեց, որ դրանք նորմալ տեսքի են բերվել ու ներկայացվել մրցույթի, սակայն շահագործման ընթացքում մաշվում են:

Վաղարշապատի ԲՈՒԱՏ ԲԲԸ-ի պատասխանատուն տեղեկացրեց, որ հնարավորություն չունեն ձեռք բերել նոր ավտոբուսներ, որոնք շատ թանկ արժեն, իսկ ունեցած միջոցներով էլ մի կերպ են սպասարկում երթուղիները: Պատասխանատուի խոսքերով իրենք արդեն հրաժարվել են սպասարկել Արմավիր –Նալբանդյան, Արմավիր-Փշատավան  երթուղիները:

Մերժված երթուղիներն, իհարկե, արդեն նոր տերեր ունեն, իսկ Արմավիր-Վաղարշապատ երթուղին դեռ կշարունակի շահագործել Վաղարշապատի ԲՈՒԱՏ-ն նույն հնամաշ ավտոբուսներով:

Ամավիրի մարզկենտրոնից հոգևոր մայրաքաղաք տանող երթուղին անցնում է 40 -50 րոպեում, 25-28 տարվա հնության  ավտոբուսներով,անասելի վատ պայմաններով, մինչդեռ այս 2 քաղաքները կապող տրանսպորտային միջոցը պետք է լինի ավելի բարելավված,ուղևորների համար հարմարավետ:

Նշեմ, որ տարիներ առաջ Արմավիրից Էջմիածին կարելի էր հասնել 20-25 րոպեում, Երևան-Էջմիածին –Արմավիր երթուղային «Իկարուս» ավտոբուսներով: Ուղևորներն առաջարկում են կրկին վերագործարկել հիշյալ երթուղին  Երևան-Արմավիր երթուղին սպասարկող ավտոբուսների միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button