Մշակույթ

Այսօրվա թատրոնը դոփում է տեղում.Ժիրայր Դադասյան

aidaavetisyan

Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը: Սա առիթ է, որ թատերական գործիչները  ևս մեկ անգամ բարձրաձայնեն ոլորտի առջև ծառացած  խնդիրների մասին, ամփոփեն արվածն ու չարվածը: Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշում է, որ այսօրվա թատրոնը դոփում է տեղում և կշարունակի  մնալ նման վիճակում,  քանի դեռ  չի խրախուսվում թատրոնների գործունեությունը:

 

Չնայած թատրոնի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին, այնուամենայնիվ թատերական կյանքը շարունակվում է,  ասում է Երևանի Մնջախաղի  պետական  թատրոնի  գեղարվեստական  ղեկավար Ժիրայր Դադասյանը: Բեմից հանդիսատեսի հետ կենդանի շփումը հասարակության հոգևոր զարգացման համար  կարևոր նշանակություն ունի:  Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր  գործունեության ընթացքում շատ է հանդիպել հանդիսատեսների, ովքեր մեծ խանդավառությամբ  են դուրս եկել ներկայացումից, սակայն նշել են, որ  բեմադրությունից ոչինչ չեն հասկացել:

Մշակութային միջոցառումները խորհրդային ժամանակների հետ համեմատած այսօր քառապատկվել են, սակայն  չեն  տալիս սպասվելիք արդյունքները:  Ժիրայր Դադասյանը երևույթը համարում  է  քաղաքային մշակույթի բացակայության  հետևանք:  Մնջախաղի թատրոնը,  նրա ձևակերպմամբ,  հենց այդպիսի մշակույթի  դրսևորում է, սակայն անհասկանալիորեն  նրա գործունեությունն անտեսվում է ու չի խրախուսվում: Օրինակ է բերում շվեդական թատրոնը, որտեղ տարեվերջին ամփոփվում է թատրոնների գործունեությունն ու  ըստ արդյունքների  հատկացվում գումարներ՝  հետագա  ծրագրերը կյանքի կոչելու համար:

Ինչպիսի՞ թատրոն ունենք  այսօր,  հարցին ի պատասխան մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշում է, որ թատրոնը դեռևս դոփում է տեղում: Քանի դեռ չկա ձևավորված մշակութային քաղաքականություն, քանի դեռ եթերում հնչում է ռաբիս երաժշտություն,  թատրոնը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա: «Եթերային  դաշտն ազատականացվեց, թատրոնն իր տեղը զիջեց  КВН-ային հումորներին ու ռաբիս երաժտությանը», կարծում է Դադասյանը։ Մինչև եթերը չմաքրվի աղբից ու  տեղ չհատկացվի  թատրոնների պրոպագանդային,  թատրոնը շարունակ կունենա խնդիրներ: Նրա ձևակերպնմամբ՝ պետք է խրախուսվի այս ոլորտը, որպեսզի նման հաղորդումներ  դիտելու  անհրաժեշտությունն իսպառ վերանա:

Մնջախաղի թատրոնը կրկին բարձրաձայնում է սեփական տանիքը չունենալու հարցը: Բազմիցս են դիմել պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել: Դադասյանը բարի նախանձով նշեց, որ ի տարբերություն մեզ, Վրաստանի մնջախաղի թատրոնն  ունի երկու շենք, և պատրաստվում են կառուցել  ևս մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button