Միջազգային

Եմենում պատերազմ է. Սաուդյան Արաբիան եւ դաշնակիցները ավիահարվածներ են հասցրել

marlenahovsepyan
Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Պարսից ծոցի երկներում Եմենում ռազմական գործողություն են սկսել: «Կոալիցիան որոշել է արձագանքել նախագահ Հադիի՝ Եմենն ու այդ երկրի ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու կոչին», Սաուդյան Արաբիայի, Միացյալ արաբական էմիրությունների, Քուվեյթի և Քաթարի համատեղ հայտարարությունը մեջբերում է Ֆրանս-պրեսը:

Գործողությանը ընդհանուր առմամբ մտադիր է մասնակցել 10 երկիր: Առայժմ դաշնակիցները հարվածներ են հասցնելու օդից, այսօր արդեն ավիահարվածներ են հասցվել մայրաքաղաք Սանայի օդանավակայանին և ալ-Դուլայիմի ավիաբազային: Սահմանի մոտ արդեն կուտակվել է նաև ցամաքային ռազմական տեխնիկա: Եմենի օդային տարածքը հայտարարվել է ոչ թռիչքային: TACC գործակալությունը հաղորդում է չդադարող պայթյունների մասին մայրաքաղաք Սանայի մոտակայքում: Իր հերթին Ռոյթեր գործակալությունը հայտնում է գիշերային ավիահարվածների հետևանքով տասնյակ զոհվածների մասին: Շիա խռովարարերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիահարվածները Եմենի տարածքում կհանգեցնեն տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի:

Սպիտակ տունը հայտնել է, որ սատարում է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հատուկ գործողությանը խուսիտ-խռովարարների դեմ: «Նախագահ Օբաման հանձնարարել է կազմակերպչական և հետախուզական աջակցություն ցուցաբերել կոալիցիային»,- ասել է Միացյալ նահանգների ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադեթ Միխենը:

Նախօրեին, ինչպես հայտնել էինք, շիա խռովարարները գրավել էին Ադեն քաղաքը, որտեղ թաքնվում էր մայրաքաղաքից փախած նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին: Եմենի կառավարությունում հերքել են լուրերը, թե նախագահը փախել է երկրից՝ նշելով, որ նա գտնվում է ապահով վայրում:

Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Արաբական լիգայի երկներին կոչ էր արել ռազմական միջամտություն ցուցաբերել Եմենի իրադարձություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button