Հասարակություն

Հայաստանում ստեղծվել է բարձր արդյունավետության հակավիրուսային նոր պատրաստուկ

Հայաստանում ստեղծվել է հակավիրուսային եւ հակաբորբոքային հատկություններով օժգտված նոր պատրաստուկ։ «Իմունոմոդուլյատոր»- ը մշակվել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում։

ԳԱԱ նախագահությունն այսօր հավանություն է տվել պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,-  հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Նոր պատրաստուկի հեղինակները պնդում են, որ «Իմունոմոդուլյատորը» տարբերվում է ավանդական պատվաստանյութերից։ Այն չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիների վրա, անկախ վիրուսի տեսակային և շտամային պատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն՝ ներարկումից մոտ 6 ժամ հետո, ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ) հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմից հրահրված իմունային պատասխանը և իմունիտետի տևողությունը։

Այս պատրաստուկն ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվել տարբեր կենդանիների՝ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, թռչունների վրա։

Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնք թույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործել պատրաստուկը ՀՀ տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button