Սպորտ

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

arammanukyan
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: 49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Արտյոմ Ալեքսանյանի նկատմամբ:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան դինամոյական Հարություն Կարապետյանը և Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Հարություն Հարությունյանը: 52 կգ քաշային կարգում գրագետ մարտավարության շնորհիվ չեմպիոն հռչակվեց Նարեկ Աբգարյանը, ով եզրափակչում առվելության հասավ Բարեղամ Հարությունյանի նկատմամբ:

52 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Դավիթ Սարգսյանն ու Գարեգին Ավետիսյանը: 56 կգ քաշային կարգի եզրափակչում հետաքրքիր մենամարտ ծավալվեց Արամ Ավագյանի և Հենրիկ Մոքոյանի պայքարում: Գեղեցիկ մենամարտում ոչ պակաս գեղեցիկ հաղթանակ տոնեց Ավագյանը: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Էրիկ Պետրոսյանն ու Սուրեն Առաքելյանը: 60 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող Կարեն Տոնականյանը, 2-րդը Արսեն Պողոսյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արթուր Վարդանյանն ու Տարոն Կարապետյանը:

Հետաքրքիր ու լարված պայքար ծավալվեց 64 կգ քաշային կարգի եզրափակչում: Հովհաննես Բաչկով–Արա Պուլուզյան դիմակայությունում ուժերի գերլարմամբ հաղթեց Բաչկովը: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Գոռ Երիցյանն ու Գևորգ Ղազեյանը:69 կգ քաշային կարգի եզրափակչում վանաձորցի Արման Դարչինյանը հաղթեց Լեո Պապյանին: 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալները բաժին հասան Ռաֆայել Բարսեղյանին և Մելքոն Մելքոնյանին: 75 կգ քաշային կարգում հավասարը չուներ դինամոյական Արթուր Սարգսյանը, 2-րդը գյումրեցի Գագիկ Բոյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Սերգեյ Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը: 81 կգ քաշային կարգում 2-րդ տարին աննդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում առավելության հասավ Հարություն Ավետիսյանի նկատմամբ:

Այս քաշային կարգում 3-րդ տեղը գրավեցին Արտյոմ Գալստյանն ու Տոնական Խաչատրյանը: 91 կգ քաշային կարգի եզրափակչում Հենրիկ Սարգսյանը դժվարին պայքարում հաղթեց Սերյոժա Հակոբյանին : 91 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Արտակ Ալավերդյանն ու Արթուր Համբարձումյանը: Եվ վերեջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ հավասարը չուներ Աղասի Մեհրաբյանը, ով եզրափակչում նոկաուտով հաղթեց Ազատ Դավթյանին նրան թողնելով միայն արծաթե մեդալը: Գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը: Առաջնության արդունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը առաջիկա կարևորագույն մրցումներում կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը:

Ցուցադրել ավելի
Back to top button