Մշակույթ

Պարգեւներ մշակույթի եւ կրթության գործիչներին

aidaavetisyan

Մայր աթոռ Սուրբ էջմիածինը ձևավորել է  գեղեցիկ  ավանդույթ`   պարգևներ շնորհել այն անձանց և հայորդիներին,  ովքեր նշանակալի վաստակ են ունեցել   կրթամշակութային կյանքում:   Երեկ ևս  Մայր աթոռում  նշանակալի իրադարձություն էր:  Վաստակաշատ 4  անձինք՝  կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը,  գրող, հրապարակախոս Սիմոն Հախումյանը ,  ջութակահար  Էդուարդ Թադևոսյանն ու երգիչ Թովմաս Պողոսյանը  Վեհափառ հայրապետի  կողմից պարգևատրվել  են «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ»    շքանշաններով։

Վլադիլեն Բալյան, Սիմոն Հախումյան , Էդուարդ Թադևոսյան և Թովմաս Պողոսյան. անուններ, ովքեր  մշակութային կյանքն ակտիվացնելու  և  ազգային մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու համար մեծ վաստակ են ներդրել։ Երեկ Նորին Սուրբ Օծություն  Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի  օրհնությամբ նրանք պարգևատրվեցին  Սուրբ Սահակ  և Սուրբ Մեսրոպ շքանշաններով։

Հանրային ռադիոյի «Սայաթ- Նովա»  աշուղական  երգի համույթ` գեղարվեստական   ղեկավար  Թովմաս Պողոսյան: Աշուղական արվեստի նրա ոգուն հարազատ կատարումները գերել են ոչ միայն հայ ունկնդրին, այլև՝ օտարերկրացիներին: Կոմիտասյան  սկզբունքներին հավատարիմ՝ նվիրյալ արվեստագետի ձայնը  բարձրաճաշակ մատուցմամբ    սերունդները  դեռ շատ երկար կլսեն։

Իրեն երջանիկ համարող արվեստագետն ուրախ է, որ իր կատարած գործի պտուղները քաղել է, իսկ գնահատանքն էլ  այսօր  վայելում է: Գևորգյան ճեմարանի  շրջանավարտ  Թովմաս Պողոսյանի համար  այս պարգևը կրկնակի թանկ է, քանի որ  իրեն հարազատ կրթօջախում  ստացավ հայրենանվեր գործի համար արժանացած  պարգըև:

«Սերս գաղտնի թող մնա» երգը Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա  կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի առաջին ստեղծագործությունն է։ Երևանի Կոնսերվատորիան  ավարտելուց հետո Գյումրի  աշխատանքի գործուղված  երիտասարդ կոմպոզիտորին այս երգը մեծ ժողովրդականություն է բերել։ Բալյանի մեղեդիները դարձել են  մեր երաժշտական  մշակույթի այցեքարտերից մեկը:  Բազում  պարգևների է արժանացել, սակայն այս մեկը յուրահատուկ  նշանակություն ունի, ասում է։

Կրթության ոլորտում  հայրենիքին և ժողովրդին մատուցած  ծառայությունների համար  Հայաստանյայց Առաքելական Սուրբ  եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանների արժանացավ նաև  երիտասարդ հասակում  կրթության  գործին նվիրված  Սիմոն  Հախումյանը, ով երկար տարիներ  դասախոսել  և վարչական պատասխանատւ  պաշտոններ է վարել Երևանի պետական համալսարանում  և Վալերի Բրյուսովի անվան  օտար լեզուների պետական ինստիտուտում, իսկ այնուհետև ստանձնել Կրթության նախարարի պաշտոնը: Նրա բեղուն գրչից ծնված հարյուրից ավելի գիտական  դասագրքերը, գեղարվեստական աշխատություններն ու դասագրքերը հատուկ արձագանք են ստացել հանրության կողմից:

Վերջին պարգեւատրվողը  Կոմիտասի անվան  պետական լարային քառյակի  ղեկավար Էդուարդ Թադևոսյանն էր: Մարդ, որի ղեկավարած քառյակը  թե” հայաստանյան և թե” միջազգային  բեմահարթակներից հնչեցրել է հայ և համաշխարհային  երաժշտարվեստի գոհարները։

Ցուցադրել ավելի
Back to top button