Միջազգային

Արեւմուտքը պահպանում է միասնությունը Ռուսաստանի հարցում

marlenahovsepyan

«Եվրամիության անդամ երկրները միասնական դիրքորոշում են պահպանում Ռուսաստանի դեմ սահմանափակումների հարցում»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ կառույցի անդամ երկների արտգործնախարարների Ուկրաինայի հարցով Ռիգայում մեկնակրած ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:

Մոգերինին հավելել է, որ այս ժամանակահատվածում անհրաժեշտ է կենտրոնանալ Մինսկի համաձայնությունների կատարման վրա:

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում զենք մատակարարել Կիեւին
Ամերիկացի կոնգրեսականները նախագահ Օբամային կոչ են անում Ուկրաինային զենք մատակարարել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Կիևին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման գլխավոր լոբբիստներից է:Նրա գլխավորությամբ մի խումբ հանրապետական եւ դեմոկրատականկոնգրեսականներ նամակ են հղել, որում նախագահին կոչ են անում Ուկրաինա ուղարկել մահաբեր զինատեսակներ:

Կոնգրեսականները նամակում Ռուսաստանի գործողություններն անվանում են միջազգային իրավունքի բոլոր թույլատրելի նորմերի խախտում։ Նրանց համոզմամբ՝ Դոնբասում հրադադարի ռեժիմի հաստատումը թույլ է տվել ռուսամետ անջատողականներին ավելի ամրապնդվել գրավված տարածքներում:

ԱՄՆ սառեցրել է «Պուտինի ընկերներին» պատկանող բանկերի հաշիվները
Միացյալ Նահանգներում սառեցվել են ռուսական բանկերի և ընկերությունների ավելի քան 640 միլիոն դոլարի ակտիվներ: Wall Street Journal պարբերականը, հղում անելով ԱՄՆ ֆինանաների նախարարությանը, գրում է, որ հարվածի տակ են հայտնվել «Պուտինի ընկերների» բանկերը՝ Յուրի Կովալչուկի հիմնած «Ռոսիա» եւ Ռոտենբերգ եղբայրների՝ ՍՄՊ բանկերը։

Հրապարակման համաձայն՝ ամենաշատը տուժել է «Ռոսիան» բանկը, որտեղ  սառեցվել է ակտիվների մոտ 10 տոկոսը՝ 572 միլիոն դոլար: «Ռոսիան» առաջին առեւտրային կառույցն է, որի նկատմամբ Վաշինգտոնն անցյալ տարվա մարտին պատժամիջոցներ սահմանեց:

WSJ գրում է, որ թեև պատժամիջոցները մոտեցրեցին ռուսական տնտեսության անկումը, սակայն քաղաքական նպատակը, այն է՝ Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունն Ուկրաինայի հարցում, այդպես էլ իրականություն չդարձավ: Պարբերականը նաև  գրում է, որ ֆինանսական ազդեցությունը սահմանափակ է, եթե հաշվի առնվի, թե ինչ հսկայական կարողություն են դիզել Պուտինի մերձավոր շրջապատի մարդիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button