Հասարակություն

Հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել. 4 սերնդի 4 պահանջը տարվա 4 եղանակներին

sonahakobyan

«Չորս» անունը կրող նախագիծը սոցցանցերում կտարածվի  #4demand նշումով։ Սա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմական երիտասարդների կողմից իրականացվող 10-րդ միջոցառումն է: Նախագծի շնորհանդեսը կկայանա թեմի առաջնորդարանում։ Մեկնարկն ազդարարելուն պես նշված 4 հոլովակները հասանելի կդառնան նաև համացանցում: Նախագծին կարող է միանալ յուրաքանչյուրը՝ ներկայացնելով մինչև մեկ րոպե տևողությամբ իր անձնական հոլովակը: Նպատակն է հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ներգրավել նախագծին:

Հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել. ահա այն 4 պահանջները, որով այսօր երեկոյան հանդես կգան հայ ժողովրդի 4 սերունդները 4 համապատասխան հոլովակով: Նախագծի շրջանակներում նկարահանված 4 հոլովակները ներկայացնում են  4 սերնդի՝ դպրոցականի, երիտասարդի, հասուն և ծեր մարդու դիրքորոշումը Հայոց  ցեղասպանության դատապարտման վերաբերյալ:Ներկայացնելով այս նոր նախագիծը՝Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ 4 հոլովակները պետք է  մեկնարկ և օրինակ դառնան յուրաքանչյուր հայի համար՝ իրենց սեփական հոլովակը նկարելու և այն սոցցանցերում տարածելու համար:

Յուրաքանչյուր հայ ցանկացած տեսանկարահանող սարքով մինչև մեկ րոպե տևողությամբ կարող է տեսագրել իր անձնական հոլովակը և այն տարածել սոցցանցերում: Համապատասխան նշումով, կամ ինչպես ընդունված է ասել հաշթեգով, տվյալ անձն առաջարկելու է իր ընկերներին ստեղծել  նման հոլովակներ և այդպիսով միանալ ծրագրին:

Ի դեպ՝ հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով ու առաջարկներ ուղարկել օտարազգի ընկերներին ու ծանոթներին: Նախագծով երիտասարդները նպատակ ունեն աշխարհի 4 կողմում տարվա 4 եղանակին բարձրաձայնել 4 սերնդի 4 հիմնական պահանջը:

Հոլովակների միջոցով հայերը պիտի աշխարհին հիշեցնեն, որ պայքարը չի դադարելու մինչև պահաջին համապատասխան լուծում չգտնվի: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն այս նախաձեռնությամբ  փորձում են առավել շատ ու անընդհատ հնչեցնել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, նշեց թեմի երիտասարդական կառույցների ատենապետ Վահան Մարդյանը:

«Յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքն ու իր պահանջը ներկայացնի համայն հայությանը: Ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները, ովքեր հայոց ցեղասպանության մասին ինչ- որ խոսք ունեն ասելու, ասեն համապատասխան հոլովակի միջոցով:  Տարվա 4 եղանակներին, աշխարհի 4 անկյուններում պետք է խոսենք սրա մասին»։

Նախագծի մեկնարկն ազդարարելուն պես նշված 4 հոլովակները հասանելի կդառնան նաև համացանցում: Նախագիծը, ի դեպ, այսքանով չի սահմանափակվելու: Արարատյան հայրապետական թեմի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լինելու են շարունակական՝ ողջ տարվա ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button