Հասարակություն

Նիկոլայ Ծատուրյանը՝ Հայաստանում թատրոնի ապագայի եւ Գյումրու դեպքերի մասին

sonahakobyan
Թատրոնը երբեք չի մեռնի, քանի որ վերցրած է կյանքից և արտացոլում է կյանքը, լրագրողների հետ զրույցում ասել է թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ինչպիսին է թատրոնը դահլիճներում և դահլիճներից դուրս: Որն է նրա պատկերացմամբ այսօրվա իրականության ժանրը: վերջին շրջանում մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նման են ֆարսի` թեթև կատակերգության, ասել է թատերագետը: Նա անդրադարձել է նաև Գյումրիի դեպքերին և հասարակության հանդարտված կրքերին ու նշել է, որ ոչ թե կրքերն են հանդարտվել , այլ պարզապես համակերպվել են, որ Պերմյակովին չեն հանձնելու, եվ ի դեպ, դժվար թե որևէ կապ է ունեցել այդ ոճրագործության հետ:

 

Թատրոնը վերցրած է կյանքից և մեր ամբողջ կյանքը թատրոն է,  հետևաբար թատրոնի երբևէ մեռնելու մասին լուրերը թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին չեն անհանգստացնում:

«Մեռնում է, մեռնի, էնքան թատրոն կա կյանքում: Բա կնունքը թատրոն չէ, հարսանիքը թատրոն չէ, թաղումը թատրոն չէ, բա մեր պառլամենտը թատրոն չէ»:

Ֆարս: Ահա այն ժանրը, որում խաղում և ապրում է Նիկոլայ Ծատուրյանը, և կարծում, որ աշխարհը կփրկի ոչ թե գեղեցիկը, այլ հումորը:

Ի դեպ, այս ամենը Նիկոլայ Ծատուրյանը վերագրում է ոչ թե իր հոռետեսական տրամադրությանը, այլ իրականությանը, որի մեջ հայտնվել է Հայաստանը: «Առաջ ես գիտեի, որ Հայաստանը թե Ադրբեջանից, թե Վրաստանից շատ ավելի հզոր է: Այժմ մենք հետ ենք: Ես այս տարի գնացել էի Ուռեկի հանգստանալու ու անընդհատ նախանձով նայում էի շատ շատ բաների: Տեսնում էի, որ այդ երկիրը իսկապես ծաղկում է, գնացի Բաթում և տեսա, որ Լենինականի չափ քաղաք է, բայց  մի հրաշք քաղաք է, ինձ ասում են ծովափնյա է, դրա համար էլ ծաղկում է, բայց դա ինչ կապ ունի: Չէ, մենք իրականում բավականին հետ ենք մնում և աղքատ վիճակում է Հայաստանը»:

Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նաև Գյումրու դեպքերին: Հարցին, թե արդյոք հասարակության կրքերը հանդարտվել են, Ծատուրյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում չեն կարող կրքերը անընդհատ բորբոքված մնալ:

«Հետո հասկացան մի բան, չեն հանձնելու, վերջացավ,  այդ մտքի հետ են համակերպվել: Իսկ մնացած ամեն ինչը ֆարս է: Ջուր էր ուզում խմել, մտավ սպանեց, ախր բոլորս էլ գիտենք, որ դա հորինված պատմություն է: Սրա հիմքերը շատ ավելի խորն են և ինձ թվում է Պերմյակովը կապ էլ չունի»:

Այս դեպքերից հետո ինչ հոգեվիճակում է գյումրեցին: Արդյոք այս անհուսալի դրության հետևանքով գյումրեցին կոտրվել և խեղճացել է: Արդյոք ճիշտ է, որ գյումրեցու հումորը խամրել է: Նիկոլայ Ծատուրյանը այդպես չի կարծում: Ըստ նրա գյումերցիները բավականին պինդ ժողովուրդ են և հումորն էլ չեն կորցնում անկախ ամեն ինչից: Թերևս հենց դա էլ իրենց փրկությունն է, կարծում է թատերագետը:

« Գյումրեցուն հարցնում են ինչպես է մեր այսօրվա քաղաքական վիճակը, պատասխանում է՝ «կայուն անհուսալի»: Գյումրեցուն ոչ մի բան չի կարող խեղճացնել, որովհետև անգամ երկրաշարժի ժամանակ նրանք հումոր էին անում»:

Ցուցադրել ավելի
Back to top button