Հասարակություն

ԼՂՀ նախագահը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

ԼՂՀ նախագահը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Սիրելի՛  հայրենակիցներ,

 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:

27 տարի առաջ` այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով: Դարեր շարունակ առանց պետականության գոյատեւած եւ այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը եւ ոտքի ելնել` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները: Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում եւ որի դեմն առնել այլեւս անհնարին էր:

Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին` դարեր ի վեր երազած հաղթանակներ:

Այսօր մենք բոլորս` յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռք բերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար: Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, եւ մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին` միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած եւ հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար:

Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ` ի բարօրություն հերոսական Արցախի եւ մեր ժողովրդի»:

Ցուցադրել ավելի
Back to top button