Քաղաքական

Ջեյմս Ուորլիք. Սարգսյանը եւ Ալիեւը շատ անկեղծ էին միմյանց հետ

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով Հայաստանում էին: Նրանք հանդիպել են  ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը որոշ մանրամասներ է ներկայացրել: Հարցազրույցը՝ ստորեւ.   

Նախագահների վերջին՝ փարիզյան հանդիպումից հետո իրավիճակը հակամարտության գոտում աննախադեպ լարված է՝ Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցում, անդադար դիվերսիոն հարձակումներ, Հայաստանի գյուղերի հրետակոծություն, սահմանին հրադադարի խախտումների եւ մարդկային զոհերի կտրուկ աճ: Այսպիսի լարված շրջանում ի՞նչ ուղերձով եւ առաջարկություններով եք ժամանել տարածաշրջան: 

— Մենք լուրջ մտահոգված ենք շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճով: Անցած տարի պաշտոնապես 60 զոհ է գրանցվել: Ս.թ. հունվարին ունեցանք 12 զոհ: Եվ եթե այս վիճակագրությունն անփոփոխ մնա, ապա այն նույնիսկ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Սա շատ լուրջ է, եւ մենք շատ մտահոգված ենք բռնության աճով, քանի որ այն վտանգում է խաղաղ գործընթացը եւ կարգավորման ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքը: Այնպես որ, համանախագահների ամենակարեւոր ուղերձներից մեկը, որով այցելել ենք տարածաշրջան, հետեւյալն է՝ ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: Սա է բանակցությունների եւ կարգավորման ուղղությամբ տարվող մեր աշխատանքների հիմքը:

Փարիզում նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարեց, որ որոշակի դրական միտումներ է տեսնում Բաքվի կողմից: Ձեր կարծիքով՝ հետագայում ի՞նչն այնպես չընթացավ: 

— Եկեք վերադառնանք մեկ տարուց էլ ավելի վաղ իրադարձություններին: Նախանցած տարվա նոյեմբերին երկու նախագահները հանդիպեցին Վիեննայում: Դա երկար դադարից հետո առաջնորդների միջեւ առաջին հանդիպումն էր: Անշուշտ, մենք խորհում էինք այն մասին, թե ինչ է տեղի ունենալու այդ հանդիպմանը, քանի որ երկուսն էլ երկար ժամանակ միմյանց չէին տեսել, եւ այդ ընթացքում մեծ լարվածություն էր նկատվել, ուժգնացել էր հանրային հռետորաբանությունը: Սակայն Վիեննայում հանդիպումը շատ լավ անցավ: Նախագահները դեմ առ դեմ զրուցեցին 90 րոպե: Հետո նրանք մեզ տեղեկացրին, որ զրուցել են հակամարտության կարգավորման համար ամենակարեւոր հարցերի շուրջ: Իհարկե, նրանք համաձայնության չէին եկել, սակայն, փաստացի, նրանք կարողացել էին նստել եւ բովանդակային զրույց անցկացնել, ինչը չափազանց ոգեւորիչ է:

 — 90 րոպե խոսել են դեմ առ դե՞մ՝ առանց համանախագահնե՞րի: 

— Այո, առանց համանախագահների: Ոչ մեկը չկար այնտեղ: Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, քանի որ մարդկանցով լի սենյակում երբեմն շատ դժվար է լիովին անկեղծ լինել միմյանց հետ: Վիեննայի հանդիպումից հետո մենք գիտեինք, որ նախագահները չափազանց անկեղծ էին: Վիեննայի հանդիպման արդյունքում մենք կարողացանք նրանց կրկին հրավիրել եւ շարունակել բանակցությունները: Եվ մենք տեսանք, որ նախագահ Պուտինը հանդիպում կազմակերպեց Սոչիում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեց նախագահների հետ Ուելսում ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, անցած տարվա հոկտեմբերին նախագահ Օլանդը հանդիպեց նախագահներին Փարիզում եւ նրանք բավական ծավալուն բանակցություններ անցկացրին: Լավ նորությունն այն էր, որ նրանք կարողացել են խոսել միմյանց հետ: Երբ նախագահները հանդիպում են, նրանք բովանդակային զրույցներ են ունենում տարբեր հարցերի շուրջ: Ամեն ինչ չէ, որ լուծվում է, բայց յուրաքանչյուր հանդիպման հետ նրանց հաջողվում է ավելի լավ պատկերացում կազմել դիմացի կողմի դիրքորոշման վերաբերյալ: Անգամ եթե կողմերին չի հաջողվում համաձայնության գալ, ստեղծվում է լավ միջավայր՝ հասկանալու, թե ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, կայանում է անկեղծ զրույց կողմերի միջեւ: Վերադառնալով փարիզյան հանդիպմանը՝ կարող եմ ասել, որ նրանք համաձայնեցին շարունակել երկխոսությունը: Նախագահները, փաստացի, հանձնառություն ստանձնեցին ակտիվացնելու երկխոսությունը: Սակայն ականատես եղանք որոշ հանգամանքների՝ լարվածություն շփման գծում, զոհերի թվի աճ, ուղղաթիռի ողբերգությունը: Այս ամենը բարդություններ ստեղծեց նախագահներին կրկին մեկտեղ հրավիրելու համար:

Բայց նախագահների միջեւ միայն հանդիպումները, որքան էլ դրանք լավ անցնեն, եւ տեւեն 60, 90 րոպե կամ երկու ժամ, բավարար չեն: Մենք չենք կարող ակնկալել, որ նման բարդ, ավելի քան երկու տասնամյակ տեւող հակամարտությունը, որն այդքան մեծ ազդեցություն է ունեցել երկու երկրների վրա, կարող է հանգուցալուծվել նախագահների միջեւ պատահական հանդիպումների արդյունքում, անգամ եթե այդ հանդիպումները կատարյալ անցնեն:

Մենք ցանկանում ենք տեսնել իրական բանակցային գործընթաց, գործընթացի ակտիվացում: Եվ, հավատացե՛ք, համանախագահների համար բնավ կարեւոր չէ, թե դա ինչ ձեւաչափով կլինի կամ որտեղ: Մեր՝ երկու կողմերին ուղղված հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ մենք չենք կարող գործընթաց ունենալ: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մյուս հակամարտությունների պարագայում: Լուծումը միայն նախագահների խնդիրը չէ: Եկեք փորձենք կողմերին մեկտեղել եւ սկսել խոսել ավելի հեշտ հարցերի շուրջ: Մենք չենք սկսի խոսել կարգավիճակի, միջանցքի եւ նման այլ դժվար հարցերի մասին, որոնք պետք է լուծվեն ամենաբարձր մակարդակում: Կարող ենք խոսել հաղորդակցության, ենթակառուցվածքների եւ բազմաթիվ այլ հարցերի մասին: Նախագահ Ալիեւն ասաց մեզ, որ նա ցանկանում է դա: Այժմ մենք հարցնում ենք՝ նախագահ Սարգսյանը ե՞ւս ցանկանում է սկսել այդ գործընթացը: Մենք չենք պահանջում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գնան զիջումների եւ հրաժարվեն կարգավորման համար առանցքային տարրերից: Մենք պարզապես ասում ենք, որ անհրաժեշտ է գործընթաց: Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող համաձայնել: Մենք առաջ կքաշենք այս հարցը եւ ես հուսով եմ, որ դուք էլ որպես լրագրողներ առաջ կքաշեք այս հարցը:  Մենք բնավ չենք պնդում, որ նրանք (կողմերը) պետք է համաձայնեն կոնկրետ առաջարկների: Մենք ասում ենք, որ գործընթաց պետք է լինի:

Ես գտնում եմ, եւ համանախագահները եւս համաձայն են, որ չկա առավել կարեւոր բան, քան այն, որ նախագահները համաձայնության հասնեն: Սակայն մեզ հարկավոր է գործընթաց, եւ մենք դա կցանկանանք տեսնել:

Թույլ տվեք հստակեցնել: Դուք իրատեսական համարո՞ւմ եք բարձր մակարդակով հանդիպման կազմակերպումը մոտ ապագայում: Պարոն Ալիեւը պատրա՞ստ է դրան: 

— Իհարկե, համարում եմ: Նա պատրաստ է այդ հանդիպմանը: Սակայն մեզ հարկավոր չեն հանդիպումներ պարզապես հանդիպում անցկացնելու համար, եւ նախագահները եւս կհամաձայնեն դրա հետ: Մեզ պետք է նախապատրաստվել դրանց: Ես գտնում եմ, որ հենց այստեղ է համանախագահների աշխատանքը՝ կազմել այն հարցերի շրջանակը, որի շուրջ նախագահները կխոսեն: Անշուշտ, հանդիպելիս նախագահները կարող են խոսել ինչի մասին կամենան, սակայն ցանկալի է, որ մենք ունենանք այդ շրջանակը, այն կարող է լինել օրակարգ, քննարկումների համար անհրաժեշտ որոշ կետեր, եւ մենք գիտենք, որ դրանք կան, գոյություն ունեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի նախագահները հանդիպեն եւ կենտրոնանան այդ կետերի վրա: Չեմ կարծում, թե երկու նախագահներն էլ ցանկանում են գնալ հանդիպման եւ մտածել՝ ինչի՞ մասին են նրանք խոսելու այս անգամ: Մեզ պետք է պատրաստվել դրան: Եվ սա է մարտահրավերը: Կարծում եմ, որ չկա որեւէ պատճառ, որը կարող է խոչընդոտել ապագայում հանդիպում կազմակերպելուն: Սակայն դա կախված է բացառապես նախագահներից: Ես չեմ կարող կանխատեսել, թե դա երբ կարող է լինել՝ հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս, թե վեց ամսից: Սակայն կարող եմ ասել, որ երկու նախագահներն էլ անցյալ տարի հոկտեմբերին Փարիզում հանձնառություն ստանձնեցին ակտիվացնել երկխոսությունը: Նախագահ Ալիեւն ասաց, որ ողջունում է նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը եւ խնդրեց համանախագահներին՝ պատրաստել այն, եւ կարծում եմ՝ մենք նույն առաջարկն այսօր կանենք նաեւ նախագահ Սարգսյանին:

Մյունխենում՝ Անվտանգության համաժողովում, նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ մերժեց հիշատակել հակամարտության կարգավորման 3 հայտնի  սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում եւ ուժի չկիրառում: Հայտնի նաեւ է, որ փարիզյան բանակցություններին Ադրբեջանը կրկին դեմ դուրս եկավ համատեղ հայտարարությունում այդ սկզբունքների ընդգրկմանը, ինչի արդյունքում միասնական հայտարարություն չընդունվեց: Չե՞ք կարծում, որ պաշտոնական Բաքվի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է բանակցությունների համար:   

— Փաստն այն է, որ կողմերն ու նախագահները գիտակցում են, թե ինչ է անհրաժեշտ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու համար: Եվ ես կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդները նույնպես դա գիտեն: Մենք ունենք 3 սկզբունքներ եւ 6 տարրեր, որոնք մենք վկայակոչում ենք եւ որոնք հանդիսանալու են կարգավորման հիմքը: Երկու կողմերն էլ գիտակցում են դա, եւ հենց այդ բանի մասին ենք խոսում մեր հանդիպումներում: Եվ մենք ինչ-որ պայմանական անվանում ենք տալիս այս բոլոր խնդիրներին՝ ասում ենք «համապարփակ կարգավորում» կամ «համապարփակ բանակցություններ»:  Մարդիկ գուցե հարցնեն, թե ինչ է դա ենթադրում: Դա հենց այն է՝ ինչ նշանակում է: Կարող եք լսել ինչպես Բաքվում համապարփակ բանակցությունների կոչեր են հնչում, եւ եռանախագահները նույնպես այդ անվանումն են օգտագործում: Բայց մենք նաեւ նկատի ունենք, որ դուք չեք կարող ուղղակի առանձնացնել ինչ-որ մի սկզբունք կամ տարր եւ ակնկալել, որ դա կդիտարկվի որպես հիմք կարգավորման համար: Այդպես չի կարող լինել:

Համապարփակ կարգավորումը նշանակում է, որ այն պետք է հիմնված լինի քննարկված եւ համաձայնեցված տարրերի եւ սկզբունքների վրա: Եվ երբ մենք հանդիպում ենք, խոսում ենք հենց այդ բանի մասին: Այնպես որ, կարող եք ակնկալել, որ երբ այսպես կոչված համապարփակ բանակցություններ են տեղի ունենում, ապա մենք գործ ունենք 3 սկզբունքների եւ 6 տարրերի հետ:

Շարունակելով թեման՝ եկեք փորձենք հստակեցնել: Ադրբեջանական կողմը, մասնավորապես, արտգործնախարար Մամեդյարովն ասում է, որ իրենք պատրաստ են աշխատանքներ սկսել համապարփակ պայմանագրի մշակման ուղղությամբ: Հայկական կողմը շեշտում է, որ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել միայն հիմնական սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո: Այստեղ հակասություն չե՞ք տեսնում: Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր սկսել համապարփակ համաձայնագրի շուրջ աշխատանքները, եթե հիմնական սկզբունքների շուրջ դեռեւս հստակ համաձայնություն չկա:

— Այստեղ ուշագրավն այն է, որ կողմերը, ըստ էության, շատ մոտ են: Երկուստեք ընդունում են, որ կարգավորման հիմք են հանդիսանում 3 սկզբունքները եւ 6 տարրերը: Իհարկե, կան մանրամասներ, որոնց շուրջ մենք դեռ շարունակում ենք աշխատել, բայց սա այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Այնպես որ, իրականում որեւէ հակասություն գոյություն չունի: Չնայած որոշ հրապարակային ելույթներում  առանձնացնում են տարրերից կամ սկզբունքներից որեւէ մեկը, ինչը տեղի է ունենում երկու երկրներում, այնուհանդերձ, նախագահները եւ երկու երկրների ղեկավարությունը հասկանում են, որ կարգավորման հիմքը այս համապարփակ մոտեցումն է: Դուք լսել եք «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքը: Եվ այդպես է ցանկացած բանակցության պարագայում: Դուք չեք կարող մի հարց առանձնացնել եւ ասել՝ «այսպես լավ է, հիմա եկեք համաձայնության գանք»: Ո՛չ: Ամեն ինչ պետք է համաձայնեցվի եւ քննարկվի, եւ կողմերը հասկանում են դա:

Հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան բավական կոշտ հայտարարությամբ՝ վերջին տարիներին առաջին անգամ հասցեագրված կոչ անելով Բաքվին հարգել հրադադարով ստանձնած պարտավորությունները: Շարունակելու ե՞ք իրերն իրենց անուններով կոչելու այս մոտեցումը: Նաեւ խոսակցություններ են շրջանառվում, որ Բաքվում պետական պաշտոնյաները հրապարակավ ու ոչ հրապարակավ քննադատում են համանախագահներին խնդրի կարգավորման հարցում բավարար ջանքեր չներդնելու համար: Արդյո՞ք սա խոչընդոտներ է ստեղծում Բաքվի հետ ձեր աշխատանքում: 

— Ես կարծում եմ, որ համանախագահները պետք է ավելի անկեղծ լինել իրենց հայտարարություններում: Եվ եթե դուք ընթերցել եք մեր վերջին երեք հայտարարությունները, դուք, հավանաբար, նկատած կլինեք, որ մենք ցանկանում ենք ավելի անկեղծ ու ազնիվ լինել երկու կողմերի հանդեպ էլ, եւ դա որոշ չափով պայմանավորված է լարվածության մեծացմամբ եւ զոհերի թվի աճով: Իհարկե, մենք միջնորդներ ենք, եւ մենք պետք է հավասարակշռություն, զսպվածություն ցուցաբերենք այն ամենում, ինչ ասում ենք: Սակայն մենք պետք է ավելի անկեղծ լինենք: Սա հեշտ չէ երկու կողմերի համար էլ, քանի որ նրանք արդեն հարմարվել են, որ համանախագահների մոտեցումները պակաս վիճելի են լինում: Սակայն, կրկին ցանկանում եմ նշել՝ եթե մենք կարող ենք, ապա պետք է լինենք ավելի անկեղծ այս կամ այն խնդիր տեսնելիս

Դուք հարցրեցիք Մինսկի խմբի եւ համանախագահների դերի մասին: Փաստն այն է, որ կողմերի միջեւ համաձայնեցված եւ ընդունված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն է: Ես հասկանում եմ գոյություն ունեցող հիասթափությունը: Ո՞վ հիասթափված չէր լինի: Այս հակամարտությունն այնքան թանկ է արժեցել երկու կողմերին էլ, եւ ես հասկանում եմ, թե ինչու երկրներից յուրաքանչյուրում նկատվում է այդ հիասթափությունը: Սա լիովին ընկալելի է: Սակայն ես կարծում եմ, որ թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն ընդունում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը: Մենք միջնորդներ ենք, եւ մենք աշխատում ենք ԵԱՀԿ հովանու ներքո, մեր միջնորդությունն իրականացվում է հակամարտությունում ներգրավված կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ: Ես չեմ ասում, թե սա պետք է հավերժ տեւի: Եթե մեր միջնորդության կարիքն ապագայում հարկավոր չէ, եթե խաղաղության կարելի է հասնել այլ տարբերակով, մենք  դա միայն կողջունենք: Բայց մեր նպատակը՝ հակամարտության բանակցված, խաղաղ կարգավորումն է: Եվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափի վերաբերյալ համաձայնություն տվել են երկու կողմերն էլ:

Գաղտնիք չէ, որ հենց Ադրբեջանն է շարունակաբար մերժում վստահության ամրապնդման միջոցները՝ դեմ արտահայտվելով դիպուկահարների դուրսբերմանը, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումներին: Ի՞նչ գործիքներ ունեն միջնորդներն իրենց զինանոցում այս հարցում իրավիճակը փախելու համար եւ հավատո՞ւմ եք արդյոք, որ առանց փոխադարձ վստահության հնարավոր է հասնել լիարժեք կարգավորման: 

— Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունում կար մի ժամանակ, երբ մարդիկ ապրում էին կողք կողքի՝ադրբեջանցիները Հայաստանում եւ հակառակը: Անգամ այսօր, որքան գիտեմ, կան որոշ գյուղեր, որտեղ դա այդպես է: Սակայն երկու երկրներում կա սերունդ, որը կորցրել է դա: Հայերի մեծամասնությունը չի ճանաչում ադրբեջանցիներին, եւ ադրբեջանցիները չեն ճանաչում հայերին, ինչը շատ ցավալի է: Ես կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք հաջողությամբ հասնել տեւական կարգավորմանը, ապա պետք է ունենանք վստահության հիմք երկու պետությունների մարդկանց միջեւ: Բայց դա չի կարող տեղի ունենալ մի գիշերվա ընթացքում:

Ստեղծված իրավիճակում, երբ հակամարտությունը շարունակվում է, այդ բանին հասնելը շատ դժվար է, սակայն մենք պետք է շարունակենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Սա մեկ շաբաթվա, մեկ ամսվա, կամ մեկ տարվա գործ չէ, սա տարիներ է պահանջում: Հուսով եմ, որ ձեզ համար, օրինակ, հնարավորություն կընձեռվի հանդիպել ադրբեջանցի ձեր գործընկերների հետ: Ինչպես հիմա ձեզ հետ, երեկ ես հանդիպել եմ նաեւ ադրբեջանցի լրագրողներին: Եվ գիտեք, նրանք բավականին խոհեմ են, եւ նրանք ձեր պես համառ հարցեր էին ուղղում: Կարծում եմ, եթե դուք նստեիք նրանց հետ, դուք շատ լավ զրույց կունենայիք: Իհարկե, գուցե շրջանցեիք որոշ հարցեր, բայց պետք է ասեմ, որ լրագրողները նույնպես չպետք է բացառություն լինեն: Գտնում եմ, որ եթե դուք կարող եք մարդկանց մի սեղանի շուրջ նստեցնել ողջամիտ զրույցի համար`որոշ հռետորաբանությունից հեռու, դուք կտեսնեք, որ ընդհանուր բաներ ավելի շատ ունեք, քան բաժանող, եւ մարդիկ երկու երկրներում այնքան էլ տարբեր չեն:

Ի՞նչպես կարող ենք գտնել ճիշտ ճանապարհը դա անելու համար: Մենք ցանկանում ենք անել դա, մենք հետաքրքրված ենք ցանկացած քայլով, որը կարող է վստահությունը կառուցել, մարդկանց միմյանց մոտեցնել: Իհարկե, կան որոշ հարցեր, որոնք քննարկվում եւ լուծվում են միայն կառավարությունների մակարդակով, եւ մենք շատ կուզենայինք առաջընթաց տեսնել այդ հարցերի լուծման ուղղությամբ, բայց մենք ունենք նաեւ հարցեր, որոնք դուրս են այդ շրջանակից: Այսպիսով, երբ մենք տեսնում ենք, որ հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումների եւ կոմունիկացիայի համար հնարավորություններ կան, մենք ողջունում ենք դա:

Դուք չեք հարցրել առաջիկայում Բաքվում նախատեսվող այսպես կոչված Օլիմպիական խաղերի մասին, բայց մենք հույս ունենք, որ հայ մարզիկները կկարողանան մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ մենք հավատում ենք, որ մարդկանց նմանատիպ շփումները օգտակար կլինեն ապագայում:

Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ, եւ հաճախ իրադարձությունները զարգանում են ոչ մեր ուզած ճանապարհով, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակի խոչընդոտ հանդիսանալ մեր ճանապարհին: Մարդկանց շփումները կարեւոր նշանակություն են ունենալու երկարատեւ կարգավորման համար: Երբ գա այդ օրը, եւ այն անպայման գալու է, երբ կստորագրվի համաձայնությունը, որը խաղաղություն կբերի Լեռնային Ղարաբաղին, դա մեծ օր կլինի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Բայց դա չի կարող միայն թղթի վրա ստորագրություն լինել, պետք է ավելին, մի բան, որը կաջակցի այդ համաձայնությանը, խաղաղության համար հիմք կհանդիսանա եւ դրան պետք է ուղղված լինի մեր աշխատանքը: Մենք կողջունենք, եթե Բաքվում եւ Երեւանում իրենց պատկերացրած ուղիով աջակցեն վստահության ամրապնդման միջոցներին եւ մարդկանց շփումների ծրագրերին, դա հենց այն է, ինչը մենք ցանկանում ենք: Միգուցե լրագրողների համար որեւէ ծրագիր առաջարկենք:

Դուք այցելելու եք նաեւ Ստեփանակերտ: Ի՞նչպես եք պատկերացնում Ղարաբաղի՝ բանակցություններում անմիջականորեն ընդգրկելու հնարավորությունը: 

— Այո, մենք վաղը մեկնելու ենք Ղարաբաղ: Մենք պարբերաբար երկխոսություն ենք ծավալում Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք շարունակել դա: Մենք այցելում ենք Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ, եւ շարունակելու ենք դա անել: Մենք ցանկանում ենք լսել նրանց ձայնը եւ հաշվի առնել նաեւ նրանց մոտեցումները: Կարեւոր է հանդիպել ոչ միայն դե ֆակտո իշխանությունների հետ: Իմ նախորդ այցերի ժամանակ ես Ղարաբաղում բազմաթիվ երիտասարդների, երիտասարդ ընտանիքներ տեսա: Ես ուրախ եմ զրուցել նրանց հետ, լսել նրանց կարծիքը:  Ցավոք, երկու երկրների ԶԼՄ-ները երբեմն չափազանց ծայրահեղ կարծիքներ են ներկայացնում ժողովրդի անունից: Մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ուղղակի ազդեցություն են կրելու ԼՂ կարգավորման արդյունքում, պետք է հասկանան, ծանոթանան խնդրի կարգավորման հիմնական տարրերի հետ: Մենք պետք է խոսենք այդ սկզբունքների եւ տարրերի մասին: Մենք ԼՂ այցելում ենք կարճ ժամանակով, բայց գուցե մեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ անցկացնել այնտեղ եւ հանդիպել ու կարգավորման մասին զրուցել ոչ միայն դե ֆակտո իշխանությունների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button