Հասարակություն

Հավե՛րժ է Վարդանանց ոգին, իսկ ներշնչանքը՝ հավերժացնո՛ղ

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սրբոց Վարդանանց տոնը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի Մայր Տաճարում մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ:

«Արդարությունն ու անմահությունը Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներն են: Եվ այսօր, սիրելի հավատացյալներ, այդ արդարության ու անմահության վերարժևորման օրն է՝ տոնը Սրբոց Վարդանանց հազար երեսուն և վեց վկայից: Արիության, հերոսության, քաջության և հավատքի հանդեպ անվեհերության դրսևորման վերապրման օրն է այսօր, երբ յուրաքանչյուր քրիստոնյա, առավել ևս հայ, հպարտությամբ է լցվում՝ կարդալով ոսկեղենիկ Եղիշեի հերոսապատումը: Ինքնազոհաբերություն. ահա այն մեծ պատգամը, որն ավանդեցին մեզ Վարդանանք՝ նահատակություն վասն հավատո, վասն հայրենյաց, վասն Քրիստոսի: Թեև անձնազոհությունը հատուկ է բանական արարածին, սակայն, կյանքի ընծայաբերումը կարևորագույն արժեքների համար դյուրին չէ, եթե չկա այն իրականացնելու համար անհրաժեշտ հոգու արիություն և ազգային-կրոնական բարձր գիտակցում:

Անմեղ նահատակներ չէին Վարդանանք, այլ հավատքի ու հայրենյաց վկաներ՝ հայրենի հողը իրենց սուրբ արյունով ոռոգած: Նրանք նահատակության և իրենց արյան միջոցով պահպանեցին քրիստոնեական հավատքը, որովհետև այդ ամենը ոչ միայն գաղափար էր, այլ մտածողություն, գիտակցություն, կենսակերպ, «մաշկի գույն» և ոչ ոք, առավել ևս ոչինչ չի՛ կարող հանուն Քրիստոսի նահատակության պատրաստ քրիստոնյայի միջից հանել այդ ամենը՝ ո՛չ սուրը և  ո՛չ էլ հուրը: Հավե՛րժ է Վարդանանց ոգին, իսկ ներշնչանքը՝ հավերժացնո՛ղ»,- պատարագից հետո իր քարոզում նշել է Մուշեղ Սրբազանը։

Սրբազանը նաև նշել է, որ թեև այսօր հայոց ազգը չի հալածվում իր հավատքի համար, սակայն Վարդանանց հոգևոր և մարմնավոր, տեսանելի ու անտեսանելի պայքարը շարունակվում է. ազգը կանգնած է զանազան մարտահրավերների առջև: Մուշեղ Սրբազանը հորդորել է հավատավոր հայորդիներին շարունակել Ս. Վարդանանց սխրանքի ոգեկիրները մնալ:

Քարոզի ավարտին պատարագիչ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասի և հավատավոր ժողովրդի անունից շնորհավորել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ քաջառողջ կյանքի երկար տարիներ, զորավոր իրագործումներ և տասնամյակների անվրդով գահակալություն ի փառս Աստծու, ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն ազգիս հայոց:

Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով կատարվել է Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասավոր հովվապետության համար:

Back to top button