Հասարակություն

Վիզայի ռեժիմիդյուրացումից մինչեւ ցեղասպանությունների օրվա հռչակում. կառավարությունն այսօր

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունն այսօր մերժելու է ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ: Միաժամանակ նշվում է, որ ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,նշված է գործադիրի եզրակացության մեջ :

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանն օրենսդրական առաջարկ են ներկայացրել դեկտեմբերի 9-ը Հայաստանում նշել որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր: Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ըստ պատգամավորների ներկայացրած հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

«Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը», նշված է հիմնավորման մեջ: Նախագծին վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության մասին հարցը նույնպես ընդգրկված է գործադիրի փետրվարի 12-ի նիստի օրակարգում: Միաժամանակ, կառավարությունը հայտնում է, որ նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն և ներկայացրել որոշակի առաջարկություններ:

Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև կստորագրվի սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ինչի արդյունքում երկու երկրների քաղաքացիների մուտքը նշված պետություններ կլինի առանց վիզային ռեժիմի: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը համահունչ է եվրոպական երկրների նկատմամբ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում ՀՀ որդեգրած ընդհանուր քաղաքական գծին: «Եվրոպական միության հետ մուտքի անձնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան: Համաձայնագիրը միտված է աշխուժացնելու մարդկանց միջև շփումները և նպաստավոր կանդրադառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների, մշակութային և հումանիտար կապերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի կնքումը:

Կարդացեք նաև
Close
Back to top button