Մշակույթ

Այսօր Գեւորգ Դաբաղյանի 50 ամյա հոբելյանն է

alisagevorgyan
Փետրվարի 12-ին է ծնվել անվանի դուդուկահար, հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Այսօր նա նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը: Հանրային ռադիոյի ողջ կոլեկտիվի անունից շնորհավորում ենք նրան և մաղթում նորանոր հաջողություններ իր ստեղծագործական կյանքում:  Գևորգ Դաբաղյանն այսօր «Ռադիոլուր»-ի հյուրն է:

 

Գևորգ Դաբաղյանը ծնվել է փետրվարյան այս օրը  ուղիղ 50 տարի առաջ:  Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարան,  ասպիրանտուրա: Ուսումնառության երկար ու բեղմնավոր  ճանապարհը: Դուդուկի ասպարեզում նա դարձավ մեր հրաշալի վարպետների արժանի շարունակողը:

Նրա դուդուկը հնչել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է գլխավոր մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1991 թվականին Գևորգ Դաբաղյանը ստեղծեց  «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Իր փորձն ու գիտելիքները այսօր փոխանցում է երիտասարդ սերնդին՝ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Ծննդյան 50-րդ հոբելյանն արվեստագետը կնշանավորի նոր ձայնագրություններով: Հարուստ է հատկապես շրջագայությունների ցանկը: Համերգների մի մասը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Չկանգնել և ոչ մի րոպե: Միայն առաջ շարժվել՝ Գևորգ Դաբաղյանի սկզբունքն է: Կյանքի 50-րդ տարվա նախաշեմին ցանկությունը մեկն է՝ ճիշտ և արդյունավետ օգտագործել այն, ինչ Աստված  շնորհել է: Հանրային ռադիոյի ողջ անձնակազմի շնորհավորանքները  հայկական դուդուկի մեր սիրելի  վարպետին:  50-ամյա հոբելյանը թող դառնա նոր մեկնարկ ստեղծագործական նոր թռիչքների համար:

Back to top button