Հասարակություն

Ինչու առաջարկվեց հարստացնել ալյուրը եւ ինչու այն հետաձգվեց

lianaeghiazaryan
Ինչ ընթացք են ստացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» որոշման շուրջ քննարկումները, ինչ հակափաստարկներ են շարունակում ներկայացվել կառավարության ծրագրին, ինչու, որքան ժամանակով հետաձգվեց երկաթով եւ ֆոլաթթվով ալյուրի հարստացումը, եւ ինչ է առաջարկվում փոխել որոշման մեջ:

 

Վերջին շրջանում մամուլի հրապարակումները ալյուրի հարստացման թեմայի շուրջ բաժանվել են երկու մասի՝ ծայրահեղ դրսեւորումներ ստանալով: Առողջապահության նախարարությունն իր որոշումը հիմնավորում է հետեւյալ կերպ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանխարգելել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, բնածին արատների, մեծահասակների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարում է՝ այս հարցով հետազոտություններ էլ կան, թվեր էլ:  Ըստ այդմ՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է 37% , իսկ կանանց շրջանում 25%: Գոյություն ունի վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հաղթահարման երկու հիմնական եղանակ` վիտամինահանքանյութային հավելումների օգտագործում և սննդամթերքի համընդհանուր հարստացում: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների և հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է:

Առողջապահության նախարարության որոշումը միանգամից տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Միանգամից թեւ առան տարատեսակ հարցեր՝ մեր առողջապահության նախարարութան փորձագետները ե՞րբ եւ որտե՞ղ են որեւէ հետազոտություն արել, որ հիմա էլ եկել են այն եզրակացության, թե մեր հացը պետք է հարստացնեն անհայտ ինչ-որ էլեմենտներով: Ինչո՞վ է պայմանավորված այս անհարկի շտապողականությունը: Որտե՞ղ են երբեւէ հրապարակվել նմանօրինակ ուսումնասիրությունների արդյունքները, եթե այդպիսիք գոյություն ունեն: Եւ ամենատարօրինակն այն է, որ չի որոշվել դա կիրառել որոշակի տեսակի ալյուրի նկատմամբ, այլ համատարած, ինչն էլ քաղաքացուն ընտրության հնարավորություն չի տալիս:

Սրան հետեւեցին նաեւ սեփական աղբյուրներին հղում անող հրապարակումները՝ կառավարությունը մինչ որոշման մասին իրազեկելն արդեն այդ մասին պայմանավորվածություններ է ամրագրել ՅՈւնԵՍԿՕ-ի հետ՝ այլուրի հարստացման համար անհրաժեշտ տարրերը նախ ստանալու անվճար որոշ խմբաքանակով, ապա՝ վճարովի: Այս լուրերին իր տեղեկություններն է ավելացնում նաեւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ու հայտարարում՝  անհրաժեշտն անհրաժեշտ է, բայց միայն հիվանդներին:

Առողջապահության նախարարությունը, որպես իր նախաձեռնության հիմնավորում, շեշտում է  նաեւ՝ ալյուրի պարտադիր հարստացման ծրագրեր հաջողությամբ իրականացվում են 82 երկրում, նախկինում հաջողությամբ իրականացվել է նաեւ Խորհրդային Միությունում: Խաչիկ Ստամբոլցյանն էլ իր առանձնացրած երկրներն ունի, որոնց փորձը հակառակի մասին է վկայում:

Ի վերջո՝ բուռն քննարկումների առարկա դարձած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը մեկ տարով հետաձգվեց: Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո առաջարկվեց համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց  հետո միայն օրենքի նախագիծը ներկայացնել քառօրյա նիստում: Այս որոշման ընդդիմադիրները սրան ավելացնում են իրենց առաջարկները՝ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ:

Back to top button