Տնտեսական

Ֆիլոքսերայով վարակված խաղողի այգիներում կհայտարավի կարանտին

satikisahakyan
Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեկ, Նորակերտ, Նորապատ և Արևադաշտ համայնքների խաղողի  շուրջ 11 հա այգիները վարակված են ֆիլոքսերա որդալվիճով, որի դեմ պայքարի որևէ միջոց չկա, իսկ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է քանդել խաղողի այգիները և ախտահանել տարածքը: Կանխարգելիչ միջոցառումների համար Կառավարությունը շուրջ 48 մլն դրամ է հատկացրել:

 

Արմավիրի մարզում ֆիլոքսերա որդալվիճը հայտնաբերվել էր դեռ 2009 թվականին Գայ համայնքում 3.08 հա խաղողի այգիներում: 2013 թվականին  ֆիլոքսերան վնասեց նաև Աղավնատուն գյուղի 5.83 հա խաղողի այգիները, որից տուժեց 14 գյուղացիական տնտեսություն: Ժամանակավոր դադարից հետո խաղողի քաղցկեղը կրկին գլուխ բարձրացրեց,  ընդլայնելով աշխարհագրությունը՝ Վաղարշապատի տարածքից  հասնելով  Արմավիրի  և Բաղրամյանի տարածքի գյուղեր:  Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014 թվականի ցուցանիշով Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեկ, Նորակերտ, Նորապատ և  Արևադաշտ համայնքների  11.07 հա խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա:  Որդալվիճը բույն է դնում արմատներում, հյութազրկում բույսը, որից առաջանում են խոցեր և բույսը սկսում է չորանալ:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ այս անգամ ֆիլոքսերա  որդալվիճից տուժել է 23 հողօգտագործող: Վարակված այգիները պետք է քանդել:

5 տարի անց վնասազերծված այգիներում հողօգտագործողները կարող են կրկին հիմնել խաղողի այգիներ: Արթուր Այվազյանը չբացառեց ախտահանումից հետո այլ մշակաբույսերի աճեցումը հաջորդ տարիներին, որպեսզի գյուղացին չզրկվի եկամտի աղբյուրից: Այգիների քանդման համար  այգետերերին տրվելու է փոխհատուցում 1 հա միջին բերքատվության հաշվարկով և 3 տարվա կտրվածքով: Բացի այդ կառավարությունը տրամադրում է նաև գումարներ այգիների քանդման աշխատանքների համար:  2013 թվականին Աղավնատուն գյուղում այգիների քանդման գումարները հատկացվեցին այգետերերին, քանի որ նրանք չվստահեցին վարձու աշխատողներին, նշելով, որ հենասյուներն ու մետաղալարերը կարող են վնասել: Արմավիրի մարզի համայնքներում  խաղողագործությամբ զբաղվել են  շատ ավելի վաղ ժամանակներից, սակայն  այգիներում երբևէ ֆիլոքսերա որդալվիճ չի հայտնվել:  Որդալվիճը մարզի այգիներում տարածվել է այլ վայրերից  խաղողի հենասյուների, մետաղալարերի և խաղողատունկերի ներկրմամբ: Այն զարգանում է հատկապես խոնավ բնակլիմայական  գոտիներում:

Օրերս Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել խաղողի տնկարան, որտեղ կստեղծվեն ֆիլոքսերակայուն խաղողի պատվաստակալներ, ինչպես նաև խաղողի սեղանի տարբեր սորտեր, որոնք ինքնարժեքով կվաճառվեն գյուղացիներին:

Կանխարգելիչ միջոցառումների իրականացման  նպատակով Ֆիլոքսերայով վարակված այգիներում հայտարավելու է կարանտին, որը իրականացնելու և վերահսկելու են գյուղնախարարության, սննդի անվտանգության պետական ծառայության և մարզային իշխանության ներկայացուցիչները:

 

Back to top button