Հասարակություն

Ալյուրի հարստացումը հետաձգվեց մեկ տարով

Ազգային ժողովում որոշել են ալյուրի հարստացումը հետաձգել մեկ տարով:  ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ այսօր քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով, որի նպատակը որոշ միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները կանխարգելումն է և բնակչության առողջության բարելավումը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչև մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց և երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի և քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատրաստալկամություն է հայտնել շարունակել ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը:

Back to top button