ԿարևորՀասարակություն

Քննարկվում է Պերմյակովի՝ միայնակ չգործելու վարկածը. Փոխոստիկանապետ

arminegevorgyan

Գյումրիում տեղի ունեցած սպանության օրը բացի Վալերի Պերմյակովից, ռուսական ռազմաբազայից այլ ծառայողի բացակայության վերաբերյալ Ոստիկանությունը տեղեկություններ չունի:Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:Վերջինս չի համաձայնվել նաև այն դիտարկումների հետ ,որ ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի պատճառով է, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը հայտնվել է ռուս իրավապահների ձեռքում: Փոխոստիկանապետը խոսել է նաև Ոստիկանական համակարգի ձեռքբերումներից ու որպես  ձեռքբերում մատնանշել այն հանգամանքը, որ  հրաժարվել են ծեծից եւ խոշտանգումներից:

 

Փոխոստիկանապետ  Հունան Պողսյանը անձամբ եղել է ռուսական 102-րդ ռազմաբազայում և տեսել է Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող, իր իսկ խոսքերով ասած «ստահակ» Վալերի Պերմյակովին: Չի էլ ուզում  նույնիսկ ասել, թե ինչ տպավորություն է ստացել:

«Մի խղճուկ, չեմ ամաչի այս բառն ասել՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»:

Էմոցիոնալ ֆոնից անցում՝ իրավականի: Արդյոք ոստիկանների ոչ օպերատիվ արձագանքման արդյունքում էր, որ  Վալերի  Պերմյակովին ձերբակալել են ոչ թե ոստիկանները, այլ ռուս սահմանապահները:

Հիշեցնենք, որ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եդեպից մի քանի որ անց  հայտարարեց, որ երկու ժամ առաջ տեղեկություն կար, թե Վալերի Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է, և 35 հոգանոց խումբ էր ուղարկվել սահման Պերմյակովին փնտրելու համար: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, Հունան Պողոսյանը չհամաձայնվեց  լրագրողների այս դիտարկման հետ, ասելով, որ  բոլոր գերատեսչությունները  լավ են աշխատել, պարզապես պետք  է համադրել  տվյալները և նոր եզրահանգումներ կատարել:

Փոխոստիկանապետի խոսքով՝ որոնողական աշխատանքների ժամանակ Ոստիկանությունը ահագանգեր է ստացել Արագածոտնի, Արմավիրի մարզերից և Երևանից, և բոլոր զանգերը ստուգվել են: Իսկ արդյոք ռուս զինվորականներն  իրավունք ունեի՞ն  հայ իրավապահների հետ Պերմյակովին  փնտրելու, վերջինս նշեց. «որ ըստ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի, եթե հանցագործություն կատարողը ռուս զինվորական է, ապա հանցագործության մեջ կասկածվողին կարող են համատեղ ուժերով փնտրել»: Ինչու  հենց  այդ  օրը ռուսական կողմից չպահանջեցին, որպեսզի  մեղադրյալին հանձնեն  ՀՀ իրավապահներին:

«Իհարկե պահանջել ենք, բայց դա իմ պահանջով բավարարվող հարց չէ, դուք բոլորդ էլ գիտեք, որ դա այլ իրավական հարթության մեջ է, միջպետական համաձայանագրերի շրջանակներում»:

Իսկ թե սահմանը  խախտելու համար  քրեական գործ հարուցվել է, թե ոչ  Հունան Պողոսյանը, խորհուրդ տվեց  հարցն ուղղել պատկան մարմիններին, սակայն նշեց ,որ ,  նախաքննական տվյալների համաձայն, մինչև սահմանը խախտելն  ձերբակալվել  է:

Վերջին մի քանի օրերի  ընթացքում քննարկվում  է նաև այն վարկածը, որ Պերմյակով սպանությունը կատարելիս մենակ  չի  գործել: Հունան  Պողոսյանը չժխտեց, ասելով, որ այդ վարկածը նույնպես  քննարկվում է Գյուրմրիի   ոճրագործությունից  զատ  փոխստիկանապետը  խոսեց նաև համակարգի ձեռքբերումներից, ասելով.«Կարողացել ենք բացառել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը, հրաժարվել ենք ծեծից եւ խոշտանգումներից: Ոստիկանությունը շարունակել է բաց, թափանցիկ աշխատաոճը»:

«Ռադիոլուր»-ի  դիտարկմանը  մի թե նախկինում օրենքով ամրագրված էր ծեծն ու խոշտանգումները, Հունան Պողոսյանը նշեց. «Նախկինում՝ ոստիկանության գոյության առաջին իսկ օրվանից այդ արատավոր պրակտիկան եղել է, մենք այսօր ուզում ենք բացառել: Չեմ բացառում, որ ոստիկանությունում կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդ մեթոդներով, բայց բոլոր դեպքերի հայտնաբերման պարագայում անմիջապես պատժվում են, նյութերն ուղարկվում են ՀՔԾ՝ դատական հեռանկարով»:

Back to top button