Քաղաքական

Թույլ, նվազ պետության գործելաոճ. Հովհաննես Սահակյանը՝ Ադրբեջանի մարտավարության մասին

lusinevasilyan
2015-ին Ադրբեջանը փոխել է իր մարտավարությունը ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:  Նա  սահմանային լարվածության մեծացումը պայմանավորել է  մի քանի գործոնով՝ այդ երկրի ներքին խնդիրներով , տարածաշրջանային զարգացումներով  ու  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, նաև  Ցեղասպանության 100-րդ տարելիցով: Թուրքիան, ըստ պատգամավորի,  փորձում է  շեղել  միջազգային հանրության ուշադրությունը, իսկ Ադրբեջանը սպասարկում է Թուրքիայի շահերը: Հովհաննես Սահակյանը կարծում է, որ հայկական կողմն ավելի կտրուկ ու վճռական գործողությունների պետք է դիմի:

«Այն մեթոդները, որ կիրառում է ադրբեջանական կողմը,  թույլ, նվազ պետության գործելաոճ է: 2015-ին մեր թշնամին փոխել է իր մարտավարությունը, ավելի մեծ թվով զորքերով են գալիս ընդառաջ,  ավելի մեծ տրամաչափի զենքերից են փորձում իրենց գործողությունները ծավալել՝ Արցախից մինչեւ Տավուշի մարզ սահմանային գոտու ամբողջ երկայնքով:  Կարծում եմ՝ ավելի վճռական ու կտրուկ գործողությունների, անգամ նախահարձակ լինելու կարիք կա»:

Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով տարեսկազբից մեծացած լարվածությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի թուրք-ադրբեջանական նախապատրաստություն է համարում նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

« Հնարավոր է՝  նախապես ծրագրված էր, որ 2015 թվականը պիտի սկսվի սահմանային լարվածությամբ, և այդ լարվածությունը պիտի առիթ հանդիսանա միջազգային և միջպետական հարաբերությունների տարբեր ձևաչափերի հանդիպումներում ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա՝ դրանով փորձելով Ցեղասպանության միջոցառումների հակակշիռ կամ  զուգահեռ հարթակ ստեղծել»:

Back to top button