Քաղաքական

Ո՞ւմ էր ձեռնտու Գյումրու ոճրագործությունը

lianaeghiazaryan

Գյումրիում մի ամբողջ գեղեցիկ ընտանիքի սարսափելի սպանությունից հետո այս շաբաթվա բոլոր քննարկումների առանցքում շարունակեցին մնալ հենց այս ոճրի շուրջ քննարկումները՝ դրա իրական դրդապատճառները, հանցագործների իրական շրջանակը, հուզումների նոր ալիք բարձրացավ հարցի շուրջ, թե ինչու Հայաստանում ոճիր գործած հանցագործը չի դատվում հայ իրավապահների կողմից՝ Հայաստանում՝ հայաստանյան օրենքներով: Հարց էր բարձրացվում՝ ինչու հենց այդ ընտանիքը, իսկ ավելի գլոբալ փորձում են հասկանալ՝ ում էր դա ձեռնտու:

Երկուշաբթին սկսվեց Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի մանրամասների շուրջ քննարկումներով: Հեռախոսազրույցից վերջնականապես պարզ դարձավ, որ Վալերի Պերմյակովը կդատվի Ռուսաստանում: Թեեւ Ռուսաստանի նախագահը խոստում հնչեցրեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ, միեւնույն է՝ տարբեր մեկնաբանություններ եղան, ժողովրդի մի ստվար զանգված բողոքի նոր ալիք բարձրացրեց, ընդհուպ մինչեւ՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարց առաջ քաշվեց:

Մտահոգություններով սկսված երկուշաբթին շարունակվեց բոթով: Ոճրագործությունից փրկված միակի՝ Գյումրեցի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Լուրը չափազանց արագ տարածվեց ողջ երկրով ու դուրս եկավ երկրի սահմաններից: 7 օր շարունակ փոքրիկի ապաքինման համար աղոթողները կսկիծով միմյանց հետ քննարկում էին կատարվածի նոր դրսեւորումները: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների ձեռնարկած վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` երեխայի ցուցանիշերը բարելավել չհաջողվեց: Հանուն կյանքի 7 օրվա մաքառումներից հետո փոքրիկը հեռացավ կյանքից:

Ցավալի լուրը նոր ալիք բարձրացրեց նախորդ օրերին բողոքի տարբեր դրսեւորումներով ոտքի կանգնած մասնավորապես գյումրեցիների շրջանում: Հնարավոր բողոքի ակցիաները վերահսկելիի սահմաններում պահելու նպատակով ոստիկանության մեծ թվով ծառայողներ ուղղվեցին Գյումրի՝  հենց հանրապետության ոստիկանապետի գլխավորությամբ: Օրը, բարեբախտաբար, խաղաղ, բայց սարսափելի տխուր ավարտվեց:

Հրաշք տեղի չունեցավ, ու դրան պետք է հաջորդեին ամենաբազմազան քննարկումները: Գյումրիում ոճրագործության մեջ թուրքական հետք է տեսնում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով ճիշտ է համարում հանցագործության համատեղ նախաքննության անցկացումը: Նա կարծում է, որ հանցագործությունն ունի պատվիրատու, բացի դա՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել այս ոճրագործությունը: Գուրգեն Եղիազարյանը դաժան սպանությունների մի քանի վարկած է դիտարկում, սակայն առաջին հերթին շեշտում հայ-ռուսական բարեկամությունը ջլատելու վարկածը:

Գյումրու սահմռկեցուցիչ սպանդին անդրադարձավ նաեւ Հայաստանի հետախուզադիվերսիոն  առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Ճիվաղային ոճրագործության հետ կապված հարցերը բավականին շատ են, որոնք առաջին հերթին պետք է հստակեցվեն ու պարզաբանվեն. ասաց ու նաեւ դեմ արտահայտվեց հակառուսական տրամադրություններին

Լրագրող, բանաստեղծուհի, հրապարակախոս Կարինե Ավագյանը համոզված է՝ կատարվածը սադրանք էր, ծրագիր եւ մարտահրավեր Հայաստանին: Բայց այդ մարտահրավերը նետվել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, ասում է մտավորականը՝ թվարկելով Հայոց Ցեղասպանության դեպքերը, դրան հաջորդող արյունալի մյուս իրադարձությունները, ի վերջո մեր օրերում Հրանտ Դինքի սպանությունը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը, հիմա էլ՝ այս ողբերգական դեպքը:

Հրատապ պատասխան պահանջող, բայց շարունակ անպատասխան մնացող հարցերի շղթան շարունակվեց: ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եկավ Գյումրի, իսկ հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց՝  իրենք հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Շեշտեմ, որ հայկական կողմից գործի վարույթն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, ու այս հանդիպումից հետո առաջին հնարավորությունը տրվեց հայկական կողմին՝ մասնակցելու հարցաքննությանը, առաջին անգամ մեր կողմից էլ մեղադրանք առաջադրվեց, ու հանցագործն ընդունեց այն:

Ավելի ետ դառնալով նկատեմ, որ Սերժ Սարգսյանին Պուտինի զանգից հետո միայն  ռուսական օրեր շարունակ ինքնամոռաց լռություն պահպանող լրատվամիջոցները սկսեցին անդադառնալ իրենց հայրենակցի վայրենի արարքին, հիշեցին, որ մեր երկրին ստորադասությամբ չպետք է վերաբերվել, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:  Բարդ իրավիճակին ռուսական կողմը արձագանքեց միայն Հայաստանում տեղի ունեցած հասարակական հուզումներից հետո:

«Ինչու Ռուսաստանի իշխանությունները ողբերգությունից անմիջապես հետո չցավակցեց և ներողություն չխնդրեց զոհվածների հարազատներից, հայերից»,-հարցին «Նեզավիսիմայա գազետայի» զրուցակիցը՝ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալացևը պատասխանել է.«Պատճառն այն է, որ այսօր Կրեմլում ակնհայտորեն գերակշռող է Եվրասիական տնտեսական միության ստեղծման քարոզչական նպատակը»: Հունվարի 18-ին, լռությունը խախտվեց. ռուսական պետական ալիքները միանգամից 5 տեսանյութ էին պատրաստել այն մասին, որ Ռուսաստանի նախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին և Հայաստանի ժողովրդին:

Բայց միաժամանակ բոլորը մեջբերում էին հանցագործության գլխավոր մեղադրյալի հասցեին լավ խոսքերով բնորոշումները: Ինչեւէ, հաջորդեցին թեմայի շուրջ քննարկումներն Ազգային ժողովում: Պատգամավորները Գևորգ Կոստանյանին սեփական խոստումը հիշեցրին: Ռուսաստանի իր գործընկերոջը երբ կդիմի` Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու խնդրանքով: Տղամարդու խոսք տված Կոստանյանը իր խոսքի տերն է: Հանձնում, արտահանձնում, փոխանցում` իր ասածների մեջ հակասություններ փնտրողներին Գլխավոր դատախազը բացատրում է` խոսքը երկու տարբեր փաստաթղթերի մասին է: Քրեական գործի վարույթը փոխանցելը մի հարց է, հանցագործին հանձնելը` այլ: Այդ մասին էլ կխոսեն, երբ հերթը դրան հասնի:

Շաբաթվա վերջին որոշ կադրեր հրապարակվեցին Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որին մասնակցեցին նաեւ հայ իրավապահները: Հենց սա էր վերջին օրերին պահանջում հայ հասարակությունը՝ նաեւ համոզվելու՝ հանցագործը Հայաստանում է, թե ոչ: Սակայն մտատանջող հարցերն այդպես էլ պատասխան չստացան: Դրանց հայ հասարակությունը դեռ սպասում է՝ արդեն իր աչքի առաջ ունենալով հանցագործի անտարբեր ու բութ հայացքը:

Back to top button