Հասարակություն

Թեքահարթակների բացակայությունը՝ խտրական վերաբերմունքի դրսեւորում

satikisahakyan
Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիարժեք անդամներն են և պետք է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսևորել: Նրանց համար պետք է պայմաններ ստեղծել ինքնուրույն շարժվելու, կրթվելու և աշխատելու համար: Արմավիր քաղաքում միայն կենտրոնական փողոցի մի քանի անցումներում և մի քանի սպասարկման վայրերում կան թեքահարթակներ:

«Խտրականություն» բառն արդեն տարանջատում է հասարակության վերաբերմունքը որևէ անձի, դեպքի, իրադարձության և մի շարք այլ գործոնների նկատմամբ, որը բացասական  տրամադրություն է ստեղծում: Խտրականության կարելի է հանդիպել ամենուր: Արմավիրի hաշմանդամ երեխաների ծնողների «Նաիրի» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ազոյանի դիտարկմամբ խտրականությունն ավելի հաճախ տեսանելի է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, հատկապես՝  ծնողների կողմից:

Ծնողները այդ երեխաներին մեկուսացնում են հասարակական շփումներից և արդյունքում նրանց մասին ոչ ոք գրեթե ոչինչ չգիտի: Գայանե Ազոյանը չբացառեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ մարդկանց ակնհայտ խտրական վերաբերմունքը:  «Առաջին խնդիրը մեր հասարակության մեջ է, հաշմանդամների հանդեպ  հենց սկզբից էլ խտրականությունը կա, չնայած, որ այս դարում արդեն հաշմանդամները պետք է լրիվ ինտեգրված լինեն հասարակությանը»:

«Նաիրի» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ազոյանը ողջունեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության առաջադեմ քայլը, որտեղ աշխատանքի  են տեղավորվում հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց համար կան աշխատանքային մատչելի պայմաններ: Արմավիրի մարզից Գարիկ Մագթաղյանը հենաշարժական ապարատի խնդիրների պատճառով տեղաշարժվում է սայլակով: Նա աշխատանքի է ընդունվել արտակարգ իրավիճակների Արմավիրի մարզային վարչությունում, սակայն  աշխատավայրի անմատչելիության պատճառով տեղափոխվել է նախարարություն:

Հաշմանդամների համար մատչելիության ապահովմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները տարբեր ծրագրեր են մշակել և ներկայացրել  գործադիր մարմիններ՝ քննարկման և ապահովման, սակայն խնդիրն ավարտվել է մասնակի լուծմամբ՝  մեկ-երկու  փողոցի անցումներում  թեքահարթակների կառուցմամբ: Թեքահարթակները պետք է լինեն յուրաքանչյուր կառույցում և փողոցների անցումներում, որպեսզի հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք սայլակներով կարողաղնան ինքնուրույն տեղաշարժվել:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում հաշմանդամություն ունեցող երեք անձ, ովքեր  դժվարությամբ, սակայն ինքնուրույն են շարժվում: Բարսեղ Սիրեկանյանը այդ ուսանողներից  է,  և իր հասակակիցների նման, թեև որոշակի տեղաշարժման դժվարություններով, ամեն օր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից հասարակական երթուղային միկրոավտոբուսներով  հաճախում է կրթօջախ:

Սովորում է «ֆինանսներ» բաժնում, ուսման առաջավոր է: Հաշմանդամությունը նրան   չի խանգարում շփումներում: «Ես սովորում եմ շատ լավ, քոլեջում ոչ մի խնդիր չկա: Ես գիտեմ, որ մարդիկ հաշմանդամներ  ասելով հասկանում են մարդկանց, որոնք ունեն մի շարք խնդիրներ, չեն կարողանում ուրոշակի գործողություններ կատարել: Ինձ մոտ նմանատիպ խնդիրներ չկան, հիմնականում մի քիչ կաղում եմ ու դա ինձ ոչ մի կերպ չի խանգարում»:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում չկան թեքահարթակներ, ինչը  կարող է կրթությունը մատչելի դարձնել մյուս հաշմանդամություն ունեցող անձանց համար: Փոխտնօրեն Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ, վերջին 2 տարում ունեցել են հաշմանդամություն ունեցող դիմորդներ, և հոգեբանորեն  նպաստավոր միջավայր են ստեղծել նրանց համար, ովքեր ակտիվություն են ցուցաբերում ուսման ընթացքում: «Մենք ունենք երեք ուսանող, երեքից երկուսն ունեն բարձր առաջադիմություն, մասնակցում են հասարակական աշխատանքներին, նույնիսկ ակտիվ են, այսպես ասած, իսկ մեկն էլ ուսանողական գիտական ընկերությունում վերջերս զեկուցում կարդաց, ինչը բավական, էսպես աորա առաջացրեց»,- հպարտորեն ասաց Աշոտ Գրիգորյանը:

Իսկ թեքահարթակներ ունենալու մասին հարցը տնօրինությանը մտորելու տեղիք տվեց: «Պիտի ուսանող լինի, ճիշտ հասկացեք էլի, մենք այդպես ենք մտածում առայժմ, համենայնդեպս, որ եթե  ունենանք այդպիսի շահառու՝ կանենք դա»,- ասաց Աշոտ Գրիգորյանը: Իմ հարցին, թե չեն մտածում, որ թեքահարթակների բացակայության և հաշմանդամների համար անմատչելի պայմանների պատճառով այդ կարդավիճակի դիմորդները չեն դիմում կրթական հաստատություններ, Աշոտ Գրիգորյանը խոստացավ հաջորդ տարում կառուցել և վստահեցրեց. «Մենք ձեր ասածը անպայման նկատի կունենանք և կանենք, դուք համոզված եղեք, որ կանենք: Եթե դուք մյուս տարի այս օրը գաք՝  կտեսնեք, որ կան թեքահարթակներ»:

Հաշմանդամները մեր հասարակության լիարժեք անդամներն են և չպետք է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորել:

Back to top button