Վեցերորդ ամիսն է, ինչ եզդիներին ֆիզիկապես վերացնում են. մտահոգվում է Ազիզ Թամոյանը


Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածի և եզդի փախստականների ներկայիս դժվարությոuնների մասին են այսօր խոսել Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիների ներկայացուցիչները հայտնել են, որ օրական տասնյակ եզդիներ են մահանում եղանակային պայմաններից, սովից և բուժօգնության բացակայությունից: Սիաբանդ Բաքոյանը խոսել է նաև ՀՀ տարածքում բնակվող եզդիների խնդիրների մասին:
Ունենալով հազարամյա պատմություն՝ եզդի ժողովուրդը պարբերաբար ցեղասպանությունների է ենթարկվել ինչը շարունակվում է մինչ օրս: Եզդիների կոտորածը հիմնականում քրդերի ձեռքի գործն է: Քրդերի նախաձեռնությամբ է տեղի ունեցել նաև նախորդ տարվա օգոստոսին Հյուսիսային Իրաքում եզդիների զանգվածային կոտորածը, ասում է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Վերջին դեպքերի ժամնակ շուրջ 17 շազար եզդի զոհվեց, մնացան էլ լքեցին իրենց բնակավայրը: Այս ամենին զուգահեռ Ազիզ Թամոյանին հատկապես բարկացնում է եվրոպական գերտերությունների լռությունը:
«6-րդ ամիսն է՝ եզդիներին ֆիզիկապես վերացնում են, որևէ օգնություն չկա եվրոպական գերտերությունների կողմից»:
Բավականին լուրջ է նաև իրենց տները լքած եզդիների վիճակը: Նրանք այժմ անօթևան են և դժվար չէ պատկերացնել, թե ինչ պայմաններում են անցկացնում ձմեռը: Օր չկա, որ տասնյակ մարդիկ չմահանան, նշեց ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը. «Նրանք պաշտպանված չեն բնությունից: Այնքան ցուրտ է, դեղամիջոցներ չկան, սննդամթերք չկա, բուժօգնություն չկա»:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում ապրող եզդիներին, Սիաբանդ Բաքոյանը նշեց, որ տեղացի եզդիներն էլ ունեն որոշ խնդիրներ, պարզապես ի տարբերություն Հյուսիսային Իրաքի եզդիների, այստեղի եզդիների խնդիրները բացառապես կենցաղային, սոցիալական բնույթի են:
«Մեր եզդիաբնակ գյուղերում չունենք բուժկետեր, ջրամատակարարում, ճանապարհներն են շատ վատ վիճակում: Դպրոցները վերանորոգման կարիք ունեն»:
Լրագրողի հարցին թե արդյոք միայն եզդիաբնակ գյուղերում կան նման խնդիրներ, Սիաբանդ Բաքոյանը պատասխանեց, որ կան գյուղեր, որտեղ պայմանները շատ ավելի վատն են, և այդ գյուղերում ի դեպ եզդիներ չկան, հետևաբար եզդի բնակչության ներկայացուցիչը ազգային խտրականություն այստեղ չի տեսնում: Նշենք, որ Հայաստանի 20 եզդիաբնակ գյուղերում բնակվում է 35800 եզդի: