Հասարակություն

Անցած տարին սպառողի համար ավելի շուտ հետընթացային էր. Պիպոյան

lianaeghiazaryan
Ինչ տվեց անցած տարին սպառողին՝ իր շահերի պաշտպանության առումով: Ավելի շատ հետընթաց, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն նաեւ շեշտում՝ բոլոր խնդիրների առկայությամբ հանդերձ մեր սպառողն այժմ ավելի իրազեկ է՝ իր իրավունքների պաշտպանության հարցում ավելի շահագրգիռ:

 

Հայաստանում տնտեսվարողին լավագույն պետական աջակցությունը նրանց չվերահսկելն է, իսկ վերահսկողությունից դուրս վիճակը սպառողին է ամենաուղղակի հարվածի տակ դնում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ավելորդ է համարում քննարկել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի վիճակը նախորդ տարվա ընթացքում: Խնդիրների մասին փաստելու համար Պիպոյանը բավական է համարում թվարկել միայն տեղի ունեցած սկանդալային դեպքերը՝ զանգվածային թունավորումներ, սատկած հավերի մատակարարում մանկապարտեզներին, սատկած խոզերի մսի վաճառք, ոչ պարենային ապրանքները վերադարձնելու խնդիրներ և այլն:

Հայաստանում չի գործում աշխարհում գործող «Հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքը: Հենց սա է, ըստ Պիպոյանի, վկայում այն մասին, որ մեզանում բիզնես շահերը գերակայում են սպառողական շահերին: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը պատահական չի համարում, որ մեր տնտեսվարողներն ամենաշատը վախենում են հարկային մարմիններից: Այնինչ այն կազմակերպություններից, որոնք պետք է ապահովեն մեր սպառած մթերքի անվտանգությունը, որակը, ոչ ոք չի վախենում»,-շեշտում է սպառողների շահերի պաշտպանն ու միաժամանակ նկատում նաեւ հարցի մյուս կողմը: Հայ սպառողն այժմ ավելի իրազեկ է դարձել:

Սեփական իրավունքի համար պայքարող քաղաքացիների թիվն աճի միտում է ցուցաբերում: Սրա համար շնորհակալությունը լրատվամիջոցներինն է՝ հետևողական աշխատանքի ու սպառողների շահերի պաշտպանների հետ ակտիվ աշխատանքի համար: Իսկ մինչ սպառողի շահերի իրական պաշտպանությունը մեզ մոտ իրականություն կդառնա, այսօր արմատացած խնդիրներն իրենց մասին մոռանալ չեն տալիս:

Պիպոյանը նկատում է՝ Հայաստանում անընդհատ փոփոխվում ու լրամշակվում են օրենքները, ավելացվում են գործիքակազմերը, մինչդեռ օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում: Ու այնպես չէ, որ մի խնդիր լուծելով կարելի է հարցը ետեւում թողած համարել: Նույն խնդիրը կարող է որոշ ժամանակ անց ի հայտ գալ նորովի, նոր դրսեւորմամբ: Խնդիրների նոր դրսեւորումներն էլ նոր հետընթաց են պարտադրում:

Back to top button