Վաղարշապատի հիվանդանոցը կվերանորոգվի


Նոր ծրագրեր, նոր տարում: Չեխիայի հանրապետության միջև հաստատաված բարեկամության հուշագրով այս տարի կյանքի կկոչվեն մի քանի ծրագրեր, որով Արմավիրի մարզում նախատեսվում է կառուցել ախտորոշման կենտրոն և աղբի վերամշակման գործարան: Չի բացառվում, որ չեխ գործընկերները պատրաստակամություն հայտնեն վերանորգել Վաղարշապատի հիվանդանոցը:
Վերջին տարիներին միջպետական փոխշահավետ տարբեր համաձայնագրեր են ստորագրվել Արմավիրի մարզի և մի քանի տարբեր երկրների քաղաքների հետ, որոնց գործունեությունը կարծես թե մնում է թղթի վրա և առաջխաղացման քայլերը նկատելի չեն:Այս դեպքում խոսքը հատկապես վերաբերում է Իրանի Իսլամակամ հանրապետության Արևելյան ևԱրևմտյան Ատրպատականի նահանգներին: Սակայն այլ է եվրոպական գործընկերության դրվածքը: Նախորդ տարվա սկզբին 2014 թվականի հունվարի 31-ին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել Չեխիայի հանրապետության Մորավսկի- Սիլեզսկի երկրամասի և Արմավիրի մարզի միջև, որով կողմերը բարեկամական կապեր են հաստատել կառավարման, տնտեսության տարբեր ոլորտների՝ գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի բնագավառներում: Որպես շարունակություն անցած տարվա հոկտեմբեր ամսին «Արմավիր» բժշկական կենտրոնի և Չեխիայի Օպավա քաղաքի հիվանդանոցի միջև փոխգործակցության համաձայնագիր էր ստորագրվել առողջապահության բարելավման նպատակով: Արմավիրի բժշկական կենտրոնում նախատեսվել է կառուցել նոր ախտորոշման կենտրոն, որը կհագեցվի ժամանակակից սարքավորումներով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է չեխ գործընկերների այցն Արմավիրի մարզ:
Առողջապահության ոլորտում համագործակցությունը հնարավոր է ընդլայնել: Արմավիրի մարզի Վաղարշապատի հիվանդանոցը հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն ունի: Մարզպետի տեղեկացմամբ, հնարավոր է չեխ գործընկերները պատրաստակամություն հայտնեն նաև այդ խնդրի լուծման առումով:
Չեխ գործարարների այցով պայմանավորված` նախատեսվում է Արմավիրում բացել աղբի վերամշակման գործարան, որը տարիներ առաջ նույնպես քննարկման խնդիր էր դարձել, բայց անարդյունք: Հիմնվելու է հայ-չեխական համատեղ ձեռնարկություն:
Իսկ ինչ վերաբերում է Մեծամորում կոյուղու մաքրման կայանի կառուցմանը, ապա այն դեռևս հեռու է իրականությունից, թեև ժամանակ առ ժամանակ խնդիրը բարձրացվում է, ուսումնասիրվում և այդպես էլ լուծում չի գտնում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանայնը նշեց, որ խնդրի լուծումը պայմանավորված էր նոր ատոմակայանի կառուցման սոցիալ-տնտեսական ծրագրերով, բացի այդ քննարկվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գերմանիայի KFW բանկի վարկային ծրագրերի մշակման ընթացքում: Խնդրի լուծումն առայժմ սառեցված է:
Կառուցվածքային և գերատեսչական փոփոխությունից հետո խնդիրը դարձյալ պետք է վերանայել Գերմանիայի KFW բանկի հետ միասին, քանի որ միջավայրի հակահիգիենիկ իրավիճակը կարող է այլ խնդիրներ ծնել, բացի այդ տարածքում գարշահոտությունից փրկություն չկա նույնիսկ ցուրտ եղանակին: