ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի ակտիվության հետեւում Թուրքիայի ձեռագիրն է թաքնված. վետերաններ

karenghazaryan
Անցած օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ներկայացուցիչները: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյանի համոզմամբ՝ նման ակտիվության ետեւում Թուրքիայի ձեռագիրն է թաքնված եւ պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով:

 

 

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ներկայացուցիչները կարծում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերը վախեցած են, դրա համար այսօր այդ դիվերսիաներն ակտիվանում են. «Եթե Ալիևը հրահրում է պատերազմի, մենք ասում ենք, որ եթե սկսեցիր պատերազմը, ոչ թե զենք առ, այլ քո ժողովրդին լողալ սովորեցրու, որ Կասպից ծովը լողալով անցնեն»:

Եթե ժամանակին աշխարհը ճանաչեր եւ դատապարտեր հայոց ցեղասպանությունը, ապա աշխարհում այսօր այլ իրադրություն կլիներ եւ չէին լինի այն սահմռկեցուցիչ ոճրագործությունները, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր ծայրերում՝ նշեցին ազատամարտի վետերանները: Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը շեշտեց, որ բոլորին էլ հայտնի է՝ ադրբեջանական դիվերսիաները Թուրքիայի ձեռագիրն է. «Բոլորիս էլ հայտնի է, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, Ալիևը ակտիվացել է, բայց մեր բանակն այսօր կանգնած է, դեկտեմբերի 31-ին մենք Տավուշի մարզի սահմանում էինք, մեր տղաներն ամուր կանգնած սահմանն են հսկում»:

Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահի հավաստմամբ՝ իրենք պատրաստ են եւ գործով կարող են ապացուցել, որ կանգնած են հայ զինվորի կողքին: Յուրա Միքայելյանի փոխանցմամբ՝ իրենց կառույցների ղեկավարներն անգամ Ռուսաստանից են զանգում և պատրաստակամություն հայտնում գալ և կանգնել սահմանին, մեր զինվորների կողքին, քանի որ այսօր կարեւոր է միասնականությունը:

«Մենք այսօր պատրաստ ենք, մենք գործով ենք ապացուցելու դա: Մեր կառույցների ղեկավարներն անգամ Ռուսաստանից զանգում և պատրաստակամություն են հայտնում գալ և մեր կողքին լինել»:

Միության փոխնախագահ Արագած Մկրտչյանն էլ իր հերթին հավելեց, որ հակառակորդը միշտ ակտիվանում է հատկապես դեկտեմբերի 31-ին, հունվարի 2-ին եւ 31-ին: Նա կոչ արեց հայ մարտիկներին հատկապես ուշադիր լինել հենց այդ օրերին:

«Մենք վախենալու բան չունենք, մենք դեռ հող ունենք ազատագրելու, ինչին մենք պատրաստ ենք: Մենք ոչ մի կուսակցության հետ գործ չունենք, մեր բանակի կողքին ենք, մեր երկիրը սիրում ենք»:

Անդրադառնալով Գյումրիի դեպքին՝ ազատամարտիկները նշեցին, որ դա հանցագործություն է, հանցագործ աշխարհի գործ եւ իրավապահները պետք է տան բոլոր հարցերի պատասխանները:

Back to top button