ԿարևորՀասարակություն

Երեւանցիները գոհ են.Գելափ

lusinevasilyan

Երևանը երևանցիների աչքերով. Գելափի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է դեկտեմբերի 9-ից 16-ն անցկացված հարցման արդյունքները: Դրանք ընդհանուր առմամբ դրական պատկեր են արձանագրում: Ըստ հարցման արդյունքների՝ երևանցիները հիմնականում գոհ են:  1066 հարցվածների  63 տոկոսը մայրաքաղաքում  վերջին մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունները գնահատում  է դրական:  82 տոկոսն, օրինակ,  պարզվում է գոհ է Երևանի արտաքին տեսքից: Այս ցուցանիշն, ի դեպ հարուցեց  լրագրողների զարմանքը. միանգամից այդքան  գոհ մարդկանց  որտեղ են հանդիպել հարցումը կազմակերպողները: Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ստիպված էր մանրամասնել, թե ինչպես է անցկացվել հարցումը:

«Միգուցե դուք շփվում եք այն մարդկանց հետ, ովքեր դժգոհ են: Բայց մենք ներկայացուցչական ընտրանք ենք իրականացրել ՝ բոլոր քվոտաներնը պահպանելով ու բոլոր հայանքները ներառելով: Այսինքն՝ սրանք Երևանի պատկերը ներկայացնող տվյալներ են»:

Երևանցիները գնահատել են նաև քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Տարոն Մարգարյանի գործունեությունը 5 բալանոց սանդղակով 4.1 է գնահատվել, վարչական շրջաններից ամենաբարձր գնահատականին արժանացել են Ավանը, Դավթաշենը ու  Կենտրոնը, իսկ ամենացածրին՝ Նուբարաշենն ու Աջափնյակը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ով ներկա էր հարցման արդյունքների հրապարակմանը, ամփոփեց՝ արդյուքներն ընդհանուր առմաբ գոհացնող են, իսկ այն հարցերը, որոնք հուզում են երևանցիներին,  համահունչ են  քաղաքապետարանի ծրագրերին:  Օրինակ , աղբահանության հարցն, ըստ Նիկոյանի, 1 տարի անց մայրաքաղաքի բնակիչների  հուզող հարց այլևս չի լինի:

«Մեկ ամիս է, ինչ նոր օպերատորը մուտք է գործել, ընդամենը մեկ  համյանքում, բայց գործունեությունն արդեն տեսանելի է: Վստահ եմ, որ մայրաքաղաքի բնակիչները 1 տարի հետո աղբահանությունը որպես հուզող խնդիր չեն նշելու»:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին. հարցումները պարզել են, որ երևանցիները ավելի գոհ են ավտոբուսներից, քան երթուղայիններից , ընդհանուր առմամբ այս տարի հասարակական   տրանսպորտից ավելի քիչ են դժգոհ , քան անցած տարի: 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատելով այն՝ հարցվածները 3,6 միավոր են տվել քաղաքային տրանսպորտի ծառայությանը՝ նախորդ տարվա 2,9-ի փոխարեն:

Լրագրողների համար կրկին տարակուսելի այս արդյուքնը, Գելափի ներկայացուցիչը կապեց հանգամանքի հետ, որ տարվա ընթացքում տրանսպորտի գինը չի բարձրացել ու նոր ավտոբուսներ են գործարկվել: Իսկ առաջիկայում կբարձրանա թե ոչ ՝ հարցն արդեն ոչ թե Գելափի ներկայացուչին, այլ փոխքաղաքապետին ուղղվեց:  Ուղևորափոխադրող ընկերությունների  ներկայացուիչների հետ բանակցությունները դեռ շարունակվում են,  պայմանվորվածություն է ձեռք բերվել սպասել մինչև  2015 թվականի հունվարի 15-ը, տեսնել, թե որքանով է կայունանում գազի գինը ու  ըստ դրա որոշում կայացնել ՝տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը:

Back to top button