ԿարևորՔաղաքական

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Այսօր Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն են տրվել դեկտեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին:
Նիստի ընթացքում Տաջիկստանի ԱԳ նախարար Սինորջիդին Ասլովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունները։

Նիստի մասնակիցները համաձայնեցրել են Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Back to top button