Հասարակություն

«Այբ» դպրոցի հիմնական առաքելությունը մարդ կերտելն է.Դավիթ Սահակյան

Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումների մարզային փուլը հասավ ավարտին: Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բոլոր 10 մարզերում, ինչպես նաև Արցախում Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում անցկացվեցին հանրային քննարկումներ շահագրգիռ խմբերի հետ: Քննարկումներին մասնավորապես մասնակցեցին դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, կրթության պատասխանատուներ, ինչպես նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ:

Հանդիպումների ընթացքում նախ ներկայացվեցին ծրագիրը, նրա նպատակներն ու առաքելությունը, ապա ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը:

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝ դպրոցի հիմնական առաքելությունը մարդ կերտելն է. «Ոչ միայն մարդ, ով գիտի քիմիա կամ ֆիզիկա առարկան, այլ նաև մարդ, ով ունի հստակ արժեհամակարգ»:

Գրեթե բոլոր մարզերում հնչեցված հարցին, թե ինչ չափորշիչներով են ընտրվելու ուսուցիչները, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը մասնավորապես պատասխանել է, որ ծրագրին մասնակցելու համար ուսուցիչը նախևառաջ պիտի լավ տիրապետի իր առարկային, ապա նաև ունենա առնվազն մագիստրոսի աստիճան կամ նախկին 5-ամյա բարձրագույն կրթության դիպլոմը: Մնացած չափորոշիչները մշակման փուլում են:

Հարցին, թե ինչու կրթությունը չսկսել հիմքից, տեր Մեսրոպը պատասխանել է, որ  ինչպես համաշխարհային, այնպես էլ «Այբ» կրթական հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ վերևից ներքև իջնելը ճիշտ է. «Նախ հարկավոր է տեսնել, թե ինչ ես ցանկանում ելքի վրա թողարկել, որն է քո նպատակը, և, ըստ այդմ, կառուցել մնացած ամբողջ համակարգը»:

Միջոցառումների երկրորդ հատվածում տեղի է ունեցել Կրթության գերազանցության ազգային ծրագրին վերաբերող հարցերի քննարկում: Մասնակիցները բաժանվել են խմբերի, և յուրաքանչյուր խումբ իր պատասխաններն ու առաջարկներն է ներկայացրել մի շարք հարցերի շուրջ։

Հարցին, թե որոնք են որակյալ հանրային կրթության չափանիշները, մասնակիցները հիմնականում պատասխանել են, որ դրանք ուսուցչի արժանավայել վարձատրությունը, որակյալ ծրագրերի, դասագրքերի առկայությունը, ընտանեկան ճիշտ դաստիարակությունը և ազգային արժեհամակարգ կրող սերնդի ձևավորումն են:

Ըստ մասնակիցների՝ հասարակությունը պետք է պահպանի և փոխանցի ազգային արժեքները, բարձրացնի կրթության դերն ու նշանակությունը, չխաղա ուսուցչի հեղինակության հետ, ձևավորի հարգանք ու ակնածանք դպրոցի և ուսուցչի հանդեպ, բացառի կոռուպցիան դպրոցում:

Մասնակիցները հիմնականում ընդգծել են, որ ուսուցիչը պետք է լինի հայրենասեր, բազմակողմանի զարգացած մարդ, երեխայի ներքնաշխարհը թափանցելու ունակությամբ, լինի անկաշառ, սկզբունքային, ունենա ինքնակատարելագործվելու ցանկություն, ինչպես նաև լինի հայկական մշակույթը կրող և փոխանցող:

Հիշեցնենք, որ հանրային քննարկումները տևելու են մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վերջնական հաստատման:

Ցուցադրել ավելի
Back to top button