Քաղաքական

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթն ուղարկվել է Ղազախստանի ղեկավարին՝ ստորագրելու

Ղազախստանի խորհրդարանի սենատը նիստի ժամանակ օրենք է ընդունել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին»: Փաստաթուղթն ուղարկվել է երկրի ղեկավարին՝ ստորագրելու, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Օրինագծի ընդունումը ԵՏՄ անդամ երկրներին հնարավորություն կտա պայմաններ ստեղծել հետագա տնտեսական ինտեգրման հետագա զարգացման համար՝ ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման»,- հաղորդվում է սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացության մեջ:

Փաստաթղթում նաև տեղեկացվում է, որ երկրի խորհրդարանի ընդունած օրենքը մշակվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի իրագործման նպատակով, որը ստորագրել են պետությունների ղեկավարները Մինսկում այս տարվա հոկտեմբերի 10-ին:

Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանի և այդ երկրի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 7.7 մլն դոլար: Միաժամանակ, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներ կան մետալուրգիայի, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում:

Back to top button