Քաղաքական

ՀՀԿ կողմ է արտահերթին, բայց փակ ռեժիմով

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթից հետո ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի:  Նախաձեռնությունը ոչ իշխանական 4 խմբակցություններինն է, նրանք առաջարկում են խորհրդարան հրավիրել ֆինանսական ոլորտի պատասխանատուներին և   քննարկել  ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Խորհրդարանական մեծամասնությունը կպաշտպանի նախաձեռնությունն ու կմասնակցի արտահերթին, բայց՝  առաջարկով, որ քննարկումը փակ ընթանա՝ այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիմնավորմամբ ՝ տեսախցիկների ներկայությունը  չի նպաստի քննարկման արդյունավետությանը:

«Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է քննարկվի, բայց քննարկման ֆորմատը պետք է փակ լինի: Փակ, որովհետև, այս հարցը մասնագիտական խոր վերլուծությունների կարիք ունի և սիրողական ու զգացմունքային գնահատականները տեղին չեն: Տեսախցիկների ներկայությունը կարծում եմ, այդքան արդյունավետ չի լինի»:

Ի դեպ, քննարկման փակ ռեժիմին դեմ չեն նաև նախաձեռնողները: Լավ է ունենալ փակ քննարկում, քան ընդհանրապես չանդրադառնալ հարցին ՝ «Ռադիոլուրի» հետ  զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Ավելի լավ է լինի , փակ լինի: Կարևորը հարցը քննարկենք, հասկական, թե ոլորտի պատասխանատուները ինչ պարզաբանումներ են տալիս, ինչ քայլեր են ձեռնարկում»:

Back to top button