Քաղաքական

Բուրկհալթերը կոչ է արել չեղյալ համարել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը

Շվեյցարիայի ռադիոհեռուստաընկերությունը դեկտեմբերի 16-ին տեղեկացրել է, որ երկրի նախագահ Դիդյե Բուրկհալթերը նամակ է հղել Ժնևի կանտոնի իշխանություններին` խորհուրդ տալով չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշումը: Ինչպես նշում է asbarez.com-ը, Արիանա պարկում կանգնեցվելիք հուշարձանի շուրջ իրարանցումը սկսվել է դեռևս 2008թ.: Ի սկզբանե այն պետք է տեղադրվեր Ժնևի Հին քաղաքում, այնուհետ որոշվեց այն տեղափոխել այգի: Սակայն այժմ հուշարձանի կանգնեցման հարցը կրկին անորոշ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահ Բուրկհալթերը կոչ է անում իշխանություններին թույլ չտալ Արիանա պարկում հուշարձանի կանգնեցմանը։

«Հուշարձանի կանգնեցման ծրագրի չեղյալ հայտարարումը կնպաստի, որպեսզի այդ տարածքում գտնվող ՄԱԿ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները շարունակեն աշխատել խաղաղ պայմաններում»,-նշվել է նամակի տեքստում:

Այնուամենայնիվ, Ժնևի քաղաքային իշխանությունները դեռևս ցանկություն ունեն կանգնեցնել 8մ բարձրությամբ բրոնզե արձանը, որի հեղինակն է ֆրանսիացի արվեստագետ Մելիք Օհանյանը: Իշխանությունների համաձայն՝ հուշարձանն Արիանա պարկի փոխարեն կարող է կանգնեցվել  2 այլ այգիներում:

Հուշարձանի կանգնեցման աջակիցները քննադատել են վերջին զարգացումները` նշելով, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ճնշում է Շվեյցարիային:

Աղբյուրը հավելում է, որ Շվեյցարիայի Ներկայացուցիչների պալատը 2003թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նույնը չեն արել Սենատն ու երկրի կառավարությունը:

Back to top button