Քաղաքական

Ոչ իշխանական 4 խմբակցությունները շարունակում են բոյկոտել արտահերթը

lusinevasilyan

Խորհրդարանը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որն ընթանում է խորհրդարանական 6 խմբակցություններից երկուսի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ: Ոչ իշխանական 4 խմբակցությունները ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, շարունակում են բոյկոտել արտահերթը և  չեն մասնակցում  քննարկումներին:

Երեկ, հիշեցնենք,  այս ուժերը հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ,  որի օրակարգում վերջին օրերի բռնարարքները դատապարտող հայտարարության նախագիծն էր: Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ  երեկ 18.30-ին հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Խորհրդարանական մեծամասնությունն իր մասնակցությունը նպատակահարմար չհամարեց, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնը  մինչ այդ հայտարարության այլ տեքստ էր  հրապարկել՝ խորհրդարանական ուժերին առաջարկելով միանալ դրան:

Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասրայանն առաջարկել է երեկ հրապարակված  փաստաթուղթը  համարել ոչ թե ԱԺ-ի, այլ  Հանրապետական խմբակցության հայտարարություն, Արմեն Ռուստամյանն էլ հորդորել է շարունակել ջանքերը՝ համատեղ փաստաթուղթ ունենալու հարցում:

Back to top button