ՀասարակությունՏեսանյութեր

Եկեղեցու օծման արարողություն Աբու Դաբիում

Դեկտեմբերի 10-ին հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն:

Ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի ունեցավ ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գևորգ Ղարիբջանյանը բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձավ Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշեց, որ անձամբ է ճանաչում վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց ԱՄԷ-ի և Կատարի հայերին` դեսպանության ծրագրեին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնեց դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Օծման արարողությանը ներկա էին ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

Back to top button