

Հայ սպառողը շարունակում է խաբվել ու թյուրմացության մեջ ընկնել, հայտարարում է Սպառողների ազգային ասոցիացիան: Այս կառույցը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը հետազոտել է հայաստանյան շուկան՝ շուրջ 3000 ապրանքատեսակի որակն ու գները։ Ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը վկայակոչում է իրենց լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքներն ու հայտարարում՝ հացի շուկան շատ վատ վիճակում է։
«Այսօր ոչ բարվոք վիճակում է հացի տեղափոխումը, որը հիմնականում իրականացվում է ոչ մասնագիտացված մեքենաներով: Ամենավտանգավորը տարաներն են, այն տուփերը, որոնցով հիմնականում այլ երկրներից ցիտրուս է տեղափոխվել Հայաստան: Դրանք հիմնականում պատվում են ինչ-որ քիմիական նյութերով, որպեսզի մրգերը երկար պահպանվեն»:
Սպառողների շահերի պաշտպաններն այսօր ահազանգում են նաեւ՝ Հայաստանում չկա մաքուր՝ 100 տոկոսանոց բնական հյութ, այնինչ բոլոր ըմպելիքներ վրա հենց նման մակնշումներ են:
Հայաստանում կաթնամթերք արտադրող 32 ընկերություններից ընդամենը 4-ի որակն է, որ սպառողների շահերի պաշտպանները բարձր են գնահատել ու վստահեցնում են, որ վստահելի մակնշում է արվում դրանց վրա: Մեր երկրում 6 տասնյակից ավելի մսամթերք արտադրող կա, բայց դրանցից միայն 10-12-ի որակն է բարձր գնահատվում:
Սննդամթերքի որակից անցնենք գներին։ Դոլարի փոխարժեք, ամանորյա «ավանդական» մանիպուլյացիաներ: Սպառողների ազգային ասոցիացիայում սրանք են համարում գների բարձրացման պատճառները: Թե որքան կշարունակվեն գների վայրիվերումները, այսօր չափազանց դժվար է անգամ կանխատեսել:
Տեղական արտադրողները, հատկապես գինեգործներն իրենց արտադրանքը թանկացնում են նաեւ մեկ այլ պատճառով: Հիմնվելով հայրենի կառավարության վստահեցումների վրա, թե պետք է օգտվել Ռուսաստան արտահանման նոր հնարավորություններից, շատ արտադրողներ մեծ ծավալով ապրանք են արտահանել Ռուսաստան: Բայց այսօր այնտեղ ստեղծված վիճակի պատճառով ոչ կարողանում են վաճառել ապրանքը, ոչ էլ ստանալ արդեն վաճառված ապրանքի արժեքը: