Հասարակություն

ՏՏ ոլորտում Հայաստանում կանանց ներգրավվածությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՏՏ ոլորտը  2000 թվականից ճանաչվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ և ոլորտի զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Կառավարությունը մի քանի ամիս առաջ մշակել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և դրանով պայմանավորված « Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերը: Վերջերս ԱԺ առաջին ընթերցմամաբ ընդունել է օրինագիծը, որն էլ օրենքի ուժ ստանալու դեպքում մեծ հնարավորություններ կընձեռի երիտասարդներին՝ ձեռներցության գիտելիքների բարձրացման հարցում:

 

 

Ինչպես ամենուր, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան երիտասարդների զբաղվածության համար։ Բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է անմիջապես աշխատանք գտնում: Սա, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի գնահատմամբ,  ցածր ցուցանիշ է և նման պատկերի պատճառները տարբեր են՝ առաջինը պրոֆեսորադասախոսական կազմի որակի խնդիրն է:

ՏՏ- ն արագ զարգացող ոլորտ է, և դասախոսները պետք է պարբերաբար վերապատրաստվեն արտերկրում, ինչի հնարավորությունները  բուհերը չունեն։ Մյուս պատճառը բուհերի տեխնիկական հագեցվածությունն է, որի համար նույնպես միջոցներ չկան:  Հովիկ Մուսայելյանն  այս խնդիրների լուծման ճանապարհները պայմանավորում է կառավարության աջակցությամբ, սակայն միաժամանակ նշում, որ մոտ ապագայում գործադիրը  չի կարող պետական բյուջեից հատկացումներ անել, ուստի բեռը մնում է մասնավոր ընկերությունների վրա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենադինամիկ զրգացողն է: Համախառն ներքին արդյունքում տեսակարար կշիռը տարեկան կազմում է  մինչև 4 տոկոս և ապահովում  20-25 տոկոս աճ:  Ինժեներատեխնիկական այս ոլորտում հայ կանայք ավելի ակտիվ են, քան՝ տղամարդիկ:  Եթե ԱՄՆ -ում  կանանց ներգրավածությունն այս ոլորտում կազմում է մոտ 9 տոկոս, ապա Հայաստանում  հասնում է 27 տոկոսի:

«Շատ լավ է, ՏՏ ոլորտը բավական նեղ ոլորտ է և ունի ենթաճյուղեր նեղ մասնագիտական: Բավական ինժեներական ճարտարագիտական աշխատանք է, որը պահանջում է լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն, և պատասխանատվության մեծ զգացում, որը տղաների համեմատ աղջիկների մոտ ավելի ակնհայտ է»:

Հայկական կապիտալի վրա հիմնված նորաստեղծ  ընկերությունները   գլոբալ շուկա մտնելու խնդիրներ ունեն։ Շուկան հագեցած է և թվում է թե հնարավոր չէ այնտեղ ներկայանալ, սակայն , ըստ Հովիկ Մուսայելյանի, եթե լինում են հետաքրիր մտքեր, ապա դրանք իրականացնելու համար  գումարներ գտնվում են: Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում գործող վենչուրային հիմնադրամների մասնակիցները փնտրում են լավագույն  գաղափարներ՝ ֆինանսավորելու նորաստեղծ ընկերություններին:

Վերջերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրինագիծը, ըստ որի՝  ՏՏ ոլորտում 15-ից ավելի աշխատակից չունեցող ընկերությունները 3 տարի ժամկետով կազատվեն շահութահարկից, իսկ այդ ընկերությունների  աշխատակիցները աշխատավարձից կվճարեն  միայն 10 տոկոս եկամտահարկ:

Back to top button