Հասարակություն

Համագործակցության հուշագիր՝ Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի է ունեցել Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը: «Ինձ համար շատ հաճելի օր է, քանի որ ես էլ եմ ավարտել Հյուսիս-արևմտյան քաղծառայության ակադեմիան, որն այժմ վերածվել է Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի: Այդ հաստատությունը միշտ աչքի է ընկել իր պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական բազայով և նորարարական ծրագրերով»,-ասել է Վիգեն Սարգսյանը, ում խոսքով,
այս պահին իրենք աշխատանքներ են իրականացնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի՝ նոր, արդիական շենք տեղափոխելու ուղղությամբ և հույս ունեն, որ այդ ծրագիրը ամբողջովին կավարտվի 2015թ.-ին:

«Շատ կարևոր է, որ դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում ակադեմիան գիտական բազայով հարստացնելու ուղղությամբ և ես վստահ եմ, որ այսօր ստորագրված համաձայնագիրը դրան կնպաստի: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որը միտված է ակադեմիայի միջազգային կապերի և համագործակցության ընդլայնմանը»,-նշել է Վ.Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատըակազմի ղեկավարի խոսքով, որ ակադեմիան նպատակ ունի օգտագործել համաշխարհային լավագույն փորձը և այն կիրառել, օգտագործել Հայաստանում. «Ակադեմիայի բազայի վրա տեղակայվելու է ՀՀ նախագահի մեծ գրադարանը, որը հետազոտական գրադարան կլինի պետական կառավարման մասնագետների համար»:

Վ.Սարգսյանը շնորհավորել է ՀՀ պետական ակադեմիայի և Հյուսիս-արևմտյան կառավարման ակադեմիայի ռեկտորներին նոր հուշագրի ստորագրման կապակցությամբ:

Back to top button