Քաղաքական

ԵԽ-ն Հայաստանին առաջարկում է սահմանել «քաղաքական բանտարկյալ» եզրույթը.քննարկում ԱԺ-ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Եվրոպայի խորհրդուրդը Հայաստանին առաջարկում է սահմանել «քաղաքական բանտարկյալ» եզրույթը, ինչը նաեւ պահանջում է ԵԽԽՎ թիվ 19-00 բանաձեւը: Այս նպատակով խորհրդարանում նույնիսկ լսումներ էր կազմակերպվել՝ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկումը նվիրվել է, բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս առումով անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներկա վիճակին, իսկ առաջին զեկույցի իրավունքը տրվել է նախկինում քաղբանտարկյալ համարվող պատգամավորներից մեկին:   

 

 

 

131 պատգամավոր ունեցող օրենսդիր մարմնում միայն 4 պատգամավոր էր ներկա Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված միջոցառմանը: Փաստն արդեն մտահոգիչ է եւ ոչ միայն ուշադրության պակասի առումով: Ամեն դեպքում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը խոստովանեց. «Բոլորովին չեմ հավակնում, իրավունք էլ չունեմ ասելու, որ չեն ոտնահարվում: Իհարկե, իրավունքները քաղաքացիների ոտնահարվում են այս կամ այն իրավիճակում, այս կամ այն հաստատության կողմից, ես ուղղակի մաղթում եմ, որ մենք աստիճանաբար հասնենք այն վիճակին, որ դրանք չնչին լինեն եւ աննշան»:

Այս մակարդակի դեռ չենք հասել: Քաղբանտարկյալներ Հայաստանում եղել են բոլոր նախագահների օրոք՝ սկսած 94 թվականից, հայտարարեց նախկինում մի քանի անգամ  քաղբանտարկյալի կարգավիճակում եղած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Իհարկե, համաձայնեց, որ այս առումով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա սար ու ձորի տարբերություն, բայց. «Կան ցեղեր, որ մարդ են ուտում, դա չի նշանակում, որ մենք է;լ պետք է մարդ ուտենք, ու ասենք, որ տարեկան մեկ հոգի ենք կերել: Այս պահին քաղբանտարկյալներ Հայաստանում կան: Դա Շանթ Հարությունյանն է ու ընկերները: Մի արտառոց բան էլ տեղի ունեցել այս գործով, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել: Դա Շանթի անչափահաս որդու համար պահանջված պատիժն է: Երեխան արել է մի արարք, որ ցանկածաս երջանիկ կլինեին, որ մեր երեխան այդպես վարվեր՝ պաշտպանել է իր ծնողին»:

Հաշվի առնելով, որ քաղբանտարկյալ եզրույթն այսօր Հայաստանում ձեւակերպված չէ, բազմաթիվ դատական գործեր այդ հիմունքով ուղղվում են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: Այս պահի դրությամբ 52 վճիռ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից եւ դրանցից առնվազն 1/3-ի մասով բարձրացվում է քաղաքական հետապնդման խնդիր: Այլ կերպ ասած՝ Եվրոպական Դատարանը արձանագրում է մարդու իրավունքների խախտումներ Հայաստանում:

Ի դեպ, Մարդու իրավունքների եւ քաղբանտարկյալների խնդիրների հանդեպ միայն պատգամավորները չէ, որ այսօր անտարբեր էին: Օրենսդիր մարմին գալու եւ խնդիրները քննարկելու հրավերը առաջին հերթին մերժել էր հենց թիվ մեկ հասցեատերը՝ Գլխավոր Դատախազությունը: Աժ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ներկայացմամբ՝ այդ կառույցը հիմնավորել էր մերժումը, բայց նման վերաբերմունքը զարմացրեց Ալեքսանդր Արզումանյանին:

 

Արդյունքում ստացվեց այնպես, որ նույնիսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց ելույթներից Աժ-ում: Ո՞ւմ համար պետք է խոսեին:

Back to top button